ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը հունվարի 21-ին շրջայց կատարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն», որը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում:
Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացավ ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների կենտրոնի» նոր հայեցակարգին և ուղղություններին։ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուրադ Մուսայելյանի հետ քննարկեց 2021 թ. նախարարության ու միության համագործակցության հնարավորությունները։
«Նախարարությունը կարևորում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությունը: Դրական փորձից ելնելով է, որ լիահույս ենք, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և կնպաստի ոլորտի զարգացմանը»,- նշեց Վիկտորյա Պողոսյանը։
Էդուրադ Մուսայելյանը նշեց, որ «Խելացի լուծումների կենտրոնի» կառուցման աշխատանքները Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2019-ից: «Այս ժամանակահատվածում վերանորոգվել և սարքավորումներով հագեցվել է վեց լաբարատոր լսարան, որոնք ստեղծված են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով դասընթացներ և վերապատրաստումներ իրականացնելու և ստարտափ էկոհամակարգեր ձևավորելու նպատակով»,- նշեց Է․ Մուսայելյանը՝ հավելելով, որ իրենց միության համար կարևոր է ոչ միայն թեմատիկ դասընթացների իրականացումը, այլև ոլորտային դասավանդողների կրթումն ու վերապատրաստումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։
«Խելացի լուծումների կենտրոնում» այս պահին մշակման փուլում են նոր ծրագրեր արհեստական բանականության, ձեռներեցությունը IT ոլորտում, միկրոէլեկտրոնիկա թեմաներով, կշարունակվի նաև կիբեռանվտանգության թեմայով ընթացիկ ծրագիրը։ Միությունը նախատեսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել լսարան, որը կծառայի որպես համատեղ օգտագործման տարածք (coworking), ինչի շնորհիվ ուսանողները կկարողանան հենց համալսարանի ներսում աշխատել տարբեր ծրագրերի նախագծման և մշակման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է Կիբերանվտանգության առցանց դասընթաց, որը կամփոփվի 2021 թ. փետրվարին։ Դասընթացին մասնակցում և վերապատրաստվում է 100-ից ավել երիտասարդ՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից։
ՀՀ ԲՏԱ նախարարության կազմակերպած բարձր տեխնոլոգիական ոլորտի կրթական/վերապատրաստման ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.edu.hti.am։