Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին: Նրանց առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Առաջինն ամբիոնին մոտեցավ Գագիկ Ջհանգիրյանը: Թեկնածուն նախ շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրած խմբակցությանը, ապա շեշտեց՝ ելույթում կխոսի ԲԴԽ խնդիրներից, որի հիմնական առաքելությունը դատավորների և դատարանների անկախության երաշխավորումն է: Ջհանգիրյանի գնահատմամբ՝ գործադիր և օրենսդիր մարմիններից անկախ լինելը դեռ անկախության երաշխիք չէ:
Դատարանները պետք է անկախ լինեն նաև ֆինանսական խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից, քրեական կամ գողական համակարգերից, ընդդիմադիր, իշխանական ուժերից: Բացի դա, կա անկախության ներքին մի խնդիր ևս՝ դա ստորադաս դատարանների անկախությունն է վերադաս դատարաններից:
Թեկնածուն կարևորեց օրենսդրական նախաձեռնությամբ հասնել բոլոր դատավորների և դատարանների անկախությանը վերադաս դատական ատյաններից և ԲԴԽ-ից: Դատական համակարգը նաև զտման կարիք ունի, սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է: Ըստ Ջհանգիրյանի, իշխանության եկած ուժն այդ ուղղությամբ բավարար գործնական քայլեր չի արել: Դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ:
Գագիկ Ջհանգիրյան - Այդ հնարավորությունն օրենսդիրը պետք է օգտագործի, որ մենք ազատվենք մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են համակարգը. ավելի վատ բառեր չեմ ուզում օգտագործել:
Ջհանգիրյանն անդրադարձավ նաև երկրորդ նախագահ, մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին: Նրա բնորոշմամբ՝ աննորմալ երևույթ է, որ տևական ժամանակ է բուն դատաքննությունը չի սկսվում:
ԲԴԽ գնալով Ջհանգիրյանը նպատակ ունի՞ ճնշել դատավորներին՝ հարցրեց «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանը: Դատական խորհրդի անդամը նման լիազորություն չունի՝ հակադարձեց նախկին զինդատախազը: Չթաքցրեց, եթե ինչ-որ փուլում իրեն առաջադրեն ԲԴԽ նախագահ, շոյված կզգա:
Եզրափակիչ ելույթում արդեն Ջհանգրյանը հայտարարեց՝ Հայաստանում արդարադատություն չի եղել, դատական և իրավապահ համակարգերը մշտապես ծառայել են հարուստներին, պաշտոնյաներին, իսկ չքավորները մնացել են բախտի քմահաճույքին: Խտրական արդարադատության մասին ժողովուրդը պետք է մոռանա՝ խոստացավ Ջհանգիրյանը:
ԲԴԽ անդամի պաշտոնի մյուս հավակնորդը՝ Փաստաբանների պալատի անդամ Դավիթ Խաչատուրյանն է: Թեկնածուն ամբիոնից հայտարարեց՝ պետք է վերականգնել քաղաքացիների հավատն արդարադատության նկատմամբ: Ներկայացրեց իր տեսլականը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին: Վստահեցրեց՝ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը լինելու հանգամանքը շահերի բախում չի առաջացնի:
Երկու թեկնածուների առաջադրման կարևորության մասին ամբիոնից խոսեց «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանը՝ պնդելով, որ ԲԴԽ ում նրանք չեն լինելու «Իմ քայլի» ներկայացուցիչը: Թեկնածուներն ընտրվեցին առանց ընդդիմադիր խմբակցությունների աջակցության: Նրանք մինչ հարցի քննարկման մեկնարկը լքեցին նիստերի դահլիճը: