Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամեր առաջ հրել-բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր: Որոնողական աշխատանք սկսվեց։
Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին, որոնց արդյունքում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Արզնի գյուղի 24-ամյա մի բնակիչ։
Հունվարի 16-ին կասկածվողը համատեղ միջոցառումներով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա խոստովանեց, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ բերման ենթարկված երիտասարդը դեկտեմբերին Արզնի գյուղի մեկ այլ տնից մոտ 600.000 դրամի ոսկյա զարդեր էր հափշտակել։ Օրեր անց նույն առանձնատուն նորից էր մտել, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չկարողանալով գողանալ՝ հեռացել էր:
Տուժողից ընդունվել է հաղորդում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
24-ամյա երիտասարդը կալանավորված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: