Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է:
«Մարդ-հանճար», «Մարդ-երաժշտություն». այսպես էին մեծանուն կոմպոզիտորին կոչում Խորհրդային Միությունում և դրա սահմաններից դուրս:
Առնո Բաբաջանյանն այն եզակի վիրտուոզ դաշնակահարներից էր, որի էստրադային, սոնատային, նվագախմբային երաժշտությունը հնչում էր ժամանակի մեծանուն արտիստների շուրթերից։ Բաբաջանյանի մեծ արվեստն այսօր էլ հուզում է մարդկանց հոգիները, և նրա դասական գործերն ու կինոերաժշտությունը վայելում են նույն ժողովրդականությունը, ինչ տասնամյակներ առաջ:
Իր արվեստում նա որքան մեծ, նույնքան բազմատաղանդ էր։ Բաբաջանյանի հանճարեղ ստեղծագործությունները հրաշալի համակցվում էին հայկական ֆիլմերին և մեկը մյուսին նոր գույն ու երանգ տալիս, ինչի շնորհիվ էլ հայկական մշակույթը ապրեց իր ծաղկուն ժամանակաշրջանը։
Ստեղծագործական կյանքի ընթացքում Բաբաջանյանը ստեղծեց բացառիկ երաժշտական ժառանգություն, որն այսօր արդեն մեր ժողովրդի մեծ մշակույթի այցեքարտերից մեկն է:
Նշենք, որ մեծանուն հայ կոմպոզիտորի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով:
Ստեղծվել է նաև Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ: