Ադրբեջանական նավթադոլարի ձախողված լեհական գործարքը: Բաքուն լեհ քաղաքական գործչին 50 հազար դոլար է առաջարկել՝ Արցախում ռազմական գործողությունների փաստերը չհրապարակելու համար: Թոմաշ Լեխ Բուչեկը ֆեյսբուքում տեղադրել է սև գործարքի նամակը: Կաշառքն առաջարկվել է՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք չհրապարակելու համար:
Բաբկեն Խանզադյան, Թոմաշ Լեխ Բուչեկի փաստաբան - Թոմաշին գրելով, որ քեզ կարող ենք տալ 50 հազար դոլար, և դու ավարտիր քո գործը, տվյալ մարդն ուզել է կաշառել, դա հիմք չի հանդիսանա, Թոմաշն իր գործողություններն անելու է, նա իր առաջին բռոշուրը փոխանցելու է նախագահ Ալիևին
Բուչեկի հայ փաստաբան Բաբկեն Խանզադյանը չի շտապում փակագծեր բացել՝ եվրոպացի և հայ գործընկերների հետ քննարկում է գործընթացի հետագա փուլերը: Քաղաքական գործիչը պատրաստվում է Ադրբեջանին կանգնեցնել Հաագայի դատարանի առաջ՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների համար: Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց, Թոմաշ Լեխ Բուչեկը ստեղծեց խնդրագիր: Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար ստորագեց 130 հազարից ավելի մարդ:
Բաբկեն Խանզադյան - Այս պահին ավարտվել է ստորագրահավաքը, նախապատրաստվում ենք: Նպատակն այն է, որ այդ ամբողջը ճիշտ ձևով ներկայացնենք համապատասխան մարմիններին;
Լեհ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող գերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան պետք է պատասխան տա ցեղասպան քաղաքականության համար: Լրագրող Տոմաշ Մացեյչուկը գրել է, որ հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են և քրիստոնյա աշխարհը պարտավոր է օգնել:
Տոմաշ Մացեյչուկ, լեհ քաղաքական լրագրող - Ինձ փորձում են վախեցնել այն բանի համար, որ ես պաշտպանում եմ հայկական Արցախը: Պաշտպանում եմ հայերին մահմեդականներից, որոնք մի անգամ արդեն իրականացրել են հայ ժողովրդի ցեղասպանություն: Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի հարվածել Հայաստանին՝ լուծելով հայ ժողովրդի գոյության հարցը:
Լեհ հայտնի լրագրող Թոմաշ Մացեյչուկը որոշել է ֆիլմ նկարահանել Արցախի մասին: Գիտի՝ դժվար է լինելու, բայց պատրաստ է ցույց տալու Ադրբեջանի բարբարոսությունները; Ռուսական հեռուստաալիքներից մեկում նշել է, որ ինքը երբեք չի կանգնի ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի կողքին: Կպաշտպանի արդարությունը: