ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է PanARMENIAN.Net լրատվականի հարցին:
Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Արդյոք կարո՞ղ եք մեկնաբանել, թե արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է «հարաբերությունները կարգավորելու»: Ի՞նչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվե՞լ է, մասնավորապես, թուրքական կողմից։
Պատասխան. Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին՝ դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար: