Մեծն Արամ Խաչատրյանը Առնո Բաբաջանյանի երաժշտական տաղանդը նկատել էր, երբ ապագա կոմպոզիտորը դեռ 5 տարեկան էր, և որոշել էր, որ տղան անպայման երաժիշտ պետք է դառնա:
Ավարտելով Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը՝ Բաբաջանյանը դառնում է կոնսերվատորիայի ուսանող, հետո՝ 1948 թվականին, ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում:
Թե՛ երաժշտի ընկերները, թե՛ ուսուցիչները նրան մեծ դաշնակահարի ապագա էին գուշակում:
Դմիտրի Շոստակովիչի խոսքով՝ «Առնո Բաբաջանյանը մեր դարաշրջանի անվանի և տաղանդավոր երաժիշտներից է։ Նա օժտված է մեծ կոմպոզիտորական շնորհներով։ Դաշնակահարի նրա տվյալներն արժանի են ամենաբարձր դրվատանքի։ Նա բազմակողմանի և հիմնավոր կրթություն ունեցող երաժիշտ է»:
Բաբաջանյանի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադը», «Հայկական ռապսոդիան» կոմպոզիտորի անհատականության վառ օրինակ են: Կոմպոզիտորը, սակայն, անտարբեր չմնաց նաև էստրադային ժանրի նկատմամբ: 60-ականների «ձնհալի» ազդեցությունը մեծ էր արվեստի բոլոր ոլորտներում, և այդ շրջանում ստեղծված կոմպոզիտորի հիթերը մեծ համբավ բերեցին Առնո Բաբաջանյանին:
Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու և Ռոբերտ Ռոժդեստվենսկու համագործակցությամբ ստեղծված երգերը, ինչպեսև «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում հնչող երաժշտությունը:
Առնո Բաբաջանյանը կյանքից հեռացավ 61 տարեկանում՝ 1983 թվականի նոյեմբերի 11-ին։