Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է:
Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921 թվականի հունվարի 22-ին: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ Արամ Խաչատրյանը, դեռ հինգ տարեկանում նկատելով Բաբաջանյանի տաղանդը, որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։
1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ 1938-ին մեկնել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։ Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր: Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում՝ 1983 թվականի նոյեմբերի 11-ին։