Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարություններով հանդես եկավ:
«Ինչպես գիտեք, դեռևս անցախ տարի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Քովիդ-19-ի դեմ պայքարի՝ Կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի ձևավորումը պատերազմական դրությամբ պայմանավորված՝ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեց:
Հունվարի 12-ին, ԱԺ նախագահի կարգադրությամբ, կազմվել է արդեն անհատական կազմը, և հանձնաժողովն այդ փաստի ուժով ստանձնել է իր լիազորությունները»,- նշեց պատգամավորը՝ հայտնելով, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 25-ին:
Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի թե՛ ռեսուրսները, թե՛ հնարավորությունները սահմանափակ են, և կարիք կա հանրության հետ սերտ համագործակցության:
«Ես ուզում եմ կոչով դիմել փորձագիտական, մասնագիտական շրջանակներին, բժիշկներին, համավարակաբաններին՝ կիսվելու հանձնաժողովի հետ իրենց ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքներով: Ուզում եմ դիմել ԶԼՄ-ներին՝ կիսվելու հանձնաժողովի հետ իրենց բացահայտած խնդիրներով»,- նշեց պատգամավորը: