Վարչապետի հետ եղել է հանդիպում, որի ժամանակ առաջարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար ստորագրել հուշագիր, որով կպարտավորվենք վարչապետի թեկնածու չառաջադրել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ինքն ասել է, որ իրենց օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է, և անցումային կառավարության թեկնածուն ինքն է և պետք է առաջադրվի: Մարուքյանը շեշտեց, որ իշխանության առաջարկած՝ արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ կոնսենսուս չկա:
«Այն, որ մենք բանավոր ասում ենք, որ մենք պատրաստ ենք ընտրություններին, և դրա ճանապարհը հրաժարականն է, չի նշանակում, որ մենք չենք առաջադրելու թեկնածություն: Հարց է առաջանում՝ մենք «Բարգավաճ Հայաստանի» հետ ունենք 45 պատգամավոր, գումարենք 5 հոգի «Իմ քայլից» դուրս եկածները... 132-ից հանենք 50. հարց՝ կարո՞ղ է 50-ը մեծ է 82-ից՝ ըստ իշխանության: Եթե նրանք վստահ չեն իրենց 82-ի վրա և իմ առաջադրվելու դեպքում ինձ կարող են ընտրել, ուրեմն դա այլ քննարկման հարց է. եկեք դա քննարկենք»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու:
Մարուքյանն ասաց, որ ինքը կոնտրհուշագիր է առաջարկել՝ ինքն է ընտրվում, և պայմանավորվում են, որ, օրինակ, մինչև հոկտեմբերի 1-ը հրաժարական է տալիս և չի առաջադրվում: Ըստ նրա՝ երեք ուժերով պայմանավորվում են, որ թեկնածու չեն առաջադրում, խորհրդարանը ցրվում է հոկտեմբերին, երբ երկիրը կայունացված է լինում, ու գնում են արտահերթ ընտրությունների: Մարուքյանն ասաց՝ չի եղել համաձայնություն, չկա հուշագիր, չկան ընտրություններ: