«Իմ գաղտնիքը շատ պարզ է։ Ողջ կյանքիս ընթացքում ինձ շրջապատել և շրջապատում են գերազանց մարդիկ, որոնք օգնում են, աջակցում են անհաջողությունների դեպքում, չեն թողնում գոռոզանամ հաջողությունների դեպքում։ Դրա համար կարող եմ շնորհակալ լինել Աստծուց»։
Այսօր հայ մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հայաստանի ազգային ընտրանու ավագ և լավագույն ռմբարկու, 10 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ տեսանյութ է պատրաստել, որում տարբեր բնագավառների ներկայացուցիչների շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են ասում Մխիթարյանին։
Շնորհավորողների թվում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ազգային ընտրանու ֆուտբոլիստներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ և պատանի խաղացողներ։
1lurer.am-ը լեգենդար ֆուտբոլիստի ծննդյան առիթով հավաքել է նրա ֆուտբոլային կարիերայի ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները:
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է շարունակել հոր գործը՝ ֆուտբոլիստի կարիերան։
«Չեք պատկերացնում ոնց կուզեի, որ նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ: Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,- մի առիթով նշել է Մխիթարյանը։
Ֆուտբոլիստի կարիերայի մեկնարկը, կամ՝ «Փյունիկում»
1995 թվականին Մխիթարյանը դարձել է «Փյունիկի» երիտասարդական թիմի անդամ և իր առաջին աշխատավարձը ստացել է տասնհինգ տարեկանում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Փյունիկի» մեծահասակների թիմ՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես գալով 2006 թվականին, 17 տարեկանում։ Վերջին անգամ թիմի կազմում խաղացել է 2009 թվականի խաղաշրջանում։ Այդ խաղաշրջանի 10 թիմային խաղերի ընթացքում նա դարպաս է ուղարկել 11 գնդակ։ «Փյունիկի» մեծահասակների թիմում 4 տարվա խաղաշրջանի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի Պրեմիեր լիգան (2006, 2007, 2008 և 2009 թվականներին)։ 2007 և 2009 թվականներին նրանց թիմը երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, մեկ անգամ՝ 2009 թվականին, Հայաստանի գավաթը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ժամանակին մարզում էր «Փյունիկը», Հենրիխի մասին մի անգամ ասել է․ «Նա միայնակ կարող է հաղթել խաղը։ Նա որսում է ճիշտ պահը և հաճույքով հարվածում»:
«Մետալուրգ»
«Փյունիկում» խաղալիս տաղանդավոր երիտասարդին նկատեցին ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգից», որը դարձավ Մխիթարյանի առաջին արտասահմանյան ակումբը: Եվրոպայի լիգայում 2009-ի հուլիսի 16-ի իր առաջնախաղին նա խփեց մեկ գոլ, և թիմը 3-0 հաշվով հաղթեց Բելառուսի Պրեմիեր լիգայի Մինսկի «Պարտիզանին»: Այդ խաղաշրջանը Մխիթարյանն ավարտեց 38 ելույթով՝ հեղինակելով 14 գոլ, ներառյալ 29 խաղ և 9 գոլ լիգայի խաղերում։
«Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։ Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, և երբ երազանքդ կատարվում է, և դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս և ֆուտբոլային լավ կարիերա ունենալ»:
Հաջորդ խաղաշրջանին՝ 21 տարեկան հասակում, Մխիթարյանը դարձավ ակումբի ավագ՝ դառնալով Դոնեցկի «Մետալուրգի» պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը: Իր երկրորդ խաղաշրջանին նա խաղաց 9 խաղ և խփեց 3 գոլ, այդ բոլորը՝ լիգայում։ «Մետալուրգում» լինելու ընթացքում նա ունեցավ լիգայի 37 ելույթ՝ խփելով 12 գոլ: Մխիթարյանն ակումբում իր վերջին խաղը անցկացրեց «Դնիպրոյի» հետ օգոստոսի 30-ին՝ հաղթելով նրան 2-1 հաշվով: Ընդհանուր առմամբ՝ նա ակումբում խաղաց 46 հանդիպում՝ խփելով 17 գոլ։ Օգոստոսի 30-ին Մխիթարյանը կնքեց 7,5 մլն դոլար արժողությամբ գործարք՝ դառնալով կարգով ավելի բարձր Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ:
«Հանքափորները», կամ մեծ կարիերայի սկիզբը
Նրա նորամուտը կայացավ սեպտեմբերի 10-ին Կիևի «Օբոլոնի» հետ արտագնա խաղում, 62֊րդ րոպեին նրան փոխարինեց Էդուարդոն։ Մխիթարյանի տնային նորամուտը շատ ավելի հաջող ստացվեց։ Սեպտեմբերի 19֊ին՝ խաղի սկզբում, նվազագույն հաշվով պարտվելով՝ «Շախտյորին» հաջողվեց 4։1 հաշվով հաղթել Սիմֆերոպոլի «Տավրիային»։ Մխիթարյանն իր առաջին գոլը «Շախտյորի» կազմում հենց այս խաղում տոնեց։ Երեք օր անց նա իր առաջին խաղն անցկացրեց Ուկրաինայի գավաթում՝ խաղալով «Կրիբվասի» դեմ, որն էլ ավարտվեց 6։0 հաշվով՝ հօգուտ «Շախտյորի»։ Այս խաղում Մխիթարյանը հեղինակեց իր երկրորդ գոլը։
Եվրոպայում նա իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28-ին «Չեմպիոնների լիգայում» խաղալով «Սպորտինգ Բրագայի» դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով։ Նրա առաջին մրցաշրջանը չափազանց հաջող ընթացավ «Շախտյորի» կազմում, քանզի նրանք թրեբլ գրանցեցին՝ հաղթելով Պրեմիեր լիգան, Ուկրաինայի գավաթը, Ուկրաինայի սուպերգավաթը:
«Բորուսիա», կամ դեպի ֆուտբոլային Եվրոպա
2013-ի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց գերմանական «Դորտմունդ»։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։
«Շախտյորում» իմ գլխավոր նպատակը գոլեր խփելն էր, քանի որ իմ բրազիլացի խաղընկերները ստեղծում էին գրոհներն ու կառավարում էին խաղը: «Բորուսիայում» ես կարող եմ կառավարել խաղը, գոլեր խփել ու արդյունավետ փոխանցումներ կատարել: Այստեղ ես ամեն ինչ էլ կարող եմ: Եվ, փառք Աստծո, կարող եմ լուծել այդ խնդիրները: Եվ ես մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ այսպես խաղալ:
«Բորուսիայում» Մխիթարյանի առաջին մրցաշրջանն այդքան էլ հարթ չընթացավ։ Նա հեղինակեց ընդամենը 9 գնդակ, և, whoscored կայքի արդյունքներով, Եվրոպայի հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը՝ 7.58 միջին գնահատականով: Բացի դրանից՝ նա իր վրա մեծ ճնշում էր զգում, ինչպես նաև պատասխանատվության մեծ զգացում։ 2014 թվականին Հենրիխ Մխիթարյանը ներառվել է FourFourTwo ամսագրի լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը։
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք ստացավ և հետ մնաց 6 շաբաթով։ Այդ ամենից հետո Յուրգեն Կլոպը լքեց «Բորուսիան» և տեղափոխվեց «Լիվերպուլ»: Հենրիխը Մխիթարյանը Կլոպի և իր ակումբի հետ կարողացավ նվաճել Բունդեսլիգայի փոխչեմպիոնի տիտղոսը, դարձավ Գերմանիայի գավաթի ֆինալիստը, իսկ 2014 թվականին հռչակվեց Գերմանիայի սուպերգավաթակիր։ Այդ խաղում «Բորուսիան» հաղթեց Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ։
«Չգիտեմ, թե այդ գաղափարն ակումբում ինչպես է ծագել։ Բայց ինձ շատ հաճելի է, որ 50 հազարանոց մարզադաշտում ամեն գոլիցս հետո հնչում է «Սուսերով պարը», որովհետև ցանկացած մարդ պետք է ծանոթ լինի հայկական մշակույթին, հայ ժողովրդին։ Ինձ համար դա մեծ պատիվ է»:
2015 թվականի հուլիսի 1-ին Թոմաս Տուխելը 3 տարվա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նա սկսեց թիմին մարզել, և հենց այդ ժամանակ թիմը ծաղկում ապրեց։ Կարճ ժամանակում «Բորուսիան» ցույց տվեց իր իրական դեմքը։ Ակումբը վարկանիշային աղյուսակում բարձրացավ և ամրապնդվեց առաջին հորիզոնականներում՝ ցույց տալով իր լավագույն խաղը։
«Առաջին անգամ ես Տուխելի հետ հանդիպեցի անցած տարվա մարտին (2014 թվականին), և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»: Ես մնացի, որովհետև մարդկանց պետք է ինչ-որ բան ապացուցեի: Անհրաժեշտ էր ցուցադրել, որ իզուր չեմ հայտնվել այստեղ: Նույն պատճառով ես ուզում եմ շարունակել ելույթներս դորտմունդյան թիմում: Արդյոք Տուխելը կարո՞ղ է համոզել ինձ՝ նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալու «Բորուսիայի» կազմում: Հույս ունեմ: Առաջին քայլը նա կատարել է: Իսկ ինչո՞ւ չի կարող անել երկրորդը»:
«Բորուսիայի» 2015-2016 մրցաշրջանում 27-ամյա Մխիթարյանը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցեց թիմի 31 խաղի` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 140 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ։ 2016 թվականի հունիսի 15-ին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, որ իր ներկայացուցիչը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Դեպի «Կարմիր սատանաներ» և բարդ հարաբերություններ Մոուրինյոյի հետ
Հուլիսի 6-ին Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն անգլիական ակումբին արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, որը 2006 թվականին իտալական «Միլանից» անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց: Մխիթարյանը համարվում է նաև մանչեսթերցիների կազմում հանդես եկած 40-րդ ազգության, ինչպես նաև առաջին հայ ֆուտբոլիստը:
Իր նորամուտը անգլիացիների կազմում Հենրիխը նշեց հուլիսի 16-ին՝ «Ուիգանի» հետ ընկերական խաղում՝ դաշտում անցկացնելով 45 րոպե: Հուլիսի 22-ին Շանհայում կայացավ International Champions Cup-ի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճը, որտեղ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը մանչեսթերցիների կազմում։ Խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ «Բորուսիայի» հաղթանակով: Հենրիխ Մխիթարյանը առաջին մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խփեց 4 գոլ, իսկ մանկունյանցիներին օգնեց հաղթել Եվրոպա լիգան։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա լիգայի եզրափակչում, կիսաշրջադարձ հարվածով գրավեց Ամստերդամի «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի դարձավ ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։ Հիշվող է այդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը, որը եղավ «Սանդերլենդի» հետ խաղում։
2017-2018 մրցաշրջանը լավ սկսվեց Մխիթարյանի համար, նա Պրիմիեր լիգայի սկզբի խաղերում դարձավ 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը նաև ՉԼ-ում գրավեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը։ Սակայն Հայաստանի ազգային հավաքականի խաղերից հետո Մխիթարյանը խաղային հետընթաց գրանցեց։ Միաժամանակ, լարվեցին Մխիթարյանի և Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունները, որոնք լարված էին նաև Մխիթարյանի «Մանչեսթեր» տեղափոխության սկզբի ամիսների ընթացքում։
Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։
Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կարիք ունեցավ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից։ Նրա ծառայություններով հետաքրքրվում էին Միլանի «Ինտերը» և «Արսենալը»։ «Ինտերը» չկարողացավ գնել Մխիթարյանին, որովհետև վտանգ կար խախտելու ֆեյր-փլեյի կանոնները, իսկ «Արսենալը» եղավ միակ տարբերակը։
Սանչես-Մխիթարյան փոխանակում, կամ Պրիեմեր լիգայում՝ արդեն որպես «զինագործ»
2018 թվականի հունվարի 22-ին՝ իր ծննդյան հաջորդ օրը, Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց «զինագործների» հետ: Նրա աշխատավարձը կազմում է շաբաթական մոտ 142 հազար եվրո: Մխիթարյանի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը։
Մխիթարյանը իր նորամուտը «Արսենալում» նշեց հունվարի 20-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում: Իսկ «Էմիրեյթս» ստադիոնում իր առաջին խաղը եղավ փետրվարի 3-ին՝ Լոնդոնի «Էվերտոնի» դեմ: Այդ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Արսենիալի» կազմում առաջին գոլը խփել է մարտի 8-ին՝ «Սան Սիրո» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչում կայանալիք «Միլանի» հետ խաղում։ Հանդիպման 15-րդ րոպեին Մեզութ Օզիլի կատարած փոխանցումից հետո Մխիթարյանը հարված կատարեց դարպասին, և Լեոնարդո Բոնուչիից անդրադարձով գնդակը հայտնվեց Ջանլուիջի Դոննարումմայի պաշտպանած դարպասը։ «Արսենալը» այդ խաղում հաղթեց 2։0 հաշվով։
Եվրոպական վերջին կանգառը, կամ ՝ «Ռոմա»
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա» մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը։ Վճարման արժեքը 3 մլն Եվրո էր։ Հենրիխը իր առաջին խաղը` նոր թիմի կազմում, անցկացրեց սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» դեմ մրցավեճում, որտեղ դարձավ գոլի հեղինակ։ Չնայած որ Մխիթարյանը վնասվածքների պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը` նա հարմարվեց «Ռոմային» ու դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։
2020 թ. օգոստոսի 30-ին «Ռոման» գնեց Մխիթարյանի տրանսֆերը։ Նոյեմբերի 5-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի ռումինական «Կլուժի» դեմ մրցավեճում Մխիթարյանը 57-րդ վայրկյանին գրավեց հակառակորդի դարպասը ու այդպիսով դարձավ այդ մրցաշարում իր ակումբի ամենաարագ գոլ խփած ֆուտբոլիստը։ Նոյեմբերի 8-ին Հենրիխը «Ջենոայի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց (3:1), իսկ նոյեմբերի 22-ին «Պարմայի» դեմ հանդիպմանը նա դուբլ արեց։ Հենրիխ Մխիթարյանը նաև ճանաչվեց «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը։
2020-21 մրցաշրջանը Հենրիխը փայլուն է մեկնարկել՝ դառնալով գոլերի ու ասիսթների հեղինակ և ստիպելով սպորտային մամուլին անդրադառնալ իրեն:
Ինտելեկտուալը
Նա տիրապետում է 6 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն), իսկ այժմ սովորում է իտալերեն։ Հենրիխն ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։