ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Հրազդան քաղաքում գործող երեխաների աջակցության հիմնադրամի կողմից ստեղծված հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն:
«Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մովսես Մանուկյանի և կենտրոնի տնօրեն Կամո Առաքելյանի ուղեկցությամբ շրջել եմ խնամքի կենտրոնում, ծանոթացել կազմակերպության գործունեությանը:
Հաշմանդամություն և հատուկ կարիք ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և զարգացման նպատակով ստեղծված կենտրոնը գործում է 2014 թվականից: 146 երեխաների համար այստեղ անհատական մոտեցմամբ աշխատում են 11 մասնագետներ՝ հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, լոգոպետ, սոցիալական աշխատող, ֆիզիոթերապիստ, արտթերապիստներ:
Անդրադառնալով կենտրոն հաճախող երեխաների խնամքի և զարգացման առանձնահատկություներին՝ շնորհակալություն եմ հայտնել իրականացվող ծրագրերի ծավալի համար: Նվազագույնը, որ կարող ենք անել այս երեխաների համար, մարզպետարանի ու կենտրոնի համագործակցության ամրապնդումն է՝ ի շահ նրանց կենսամակարդակի բարելավմանը:
Փոքրիկներն ինձ համար անակնկալ էին պատրաստել. նվիրեցին իրենց ձեռագործ աշխատանքները»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը: