Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության, մերժում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու առաջարկը:
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանը: Պատգամավորը խոսեց արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին՝ խնդրելով հստակեցնել դրա անցկացման ժամկետը:
Երկրում անկայուն իրավիճակ է, որը կխորանա արտահերթ ընտրությունների անցկացմամբ: «Բարգավաճ Հայաստանի» արձագանքն է Ավինյանի առաջարկին: Միքայել Մելքումյանն ասում է՝ վարչապետը պետք է հեռանա առանց նախապայմանների՝ խորհրդարանին հնարավորություն տալով ընտրել նոր վարչապետ: Հուշագիրն էլ, ըստ Մելքումյանի, երկրորդական հարց է:
Անցած տարեվերջին խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել էր անձամբ Փաշինյանը: Վարչապետի հրաժարականը պահանջող Ծառուկյանն այն ժամանակ էլ մերժել էր ընտրության գնալու առաջարկը: Իշխանությունից ասում են՝ պետք է կոնսենսուս, որ ստեղծված իրավիճակը կարող է լուծվել միայն արտահերթ ընտրությունների միջոցով: Հուշագրի ստորագրումն էլ պետք է փաստի, որ դա է խնդրի լուծման ընդունելի ձևաչափը:
Հուշագիր ստորագրելու առաջարկը նոր չէ, խորհրդարանական խմբակցությունների հետ մոտ մեկ ամիս առաջ ունեցած հանդիպումանը վարչապետն այդ մասին խոսել է: Մարուքյանը մանրամասնում է՝ նախապայմանը եղել է, որ «Լուսավորը« չառաջադրի վարչապետի թեկնածու:
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կոնտրհուշագիր է առաջարկել Փաշինյանին՝ Մարուքյանն է ընտրվում վարչապետ, պայմանավորվում են, որ որոշ ժամանակ անց հրաժարական տա, երեք ուժերով թեկնածու չառաջադրեն, խորհրդարանը ցրվի:
Վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել իշխանության առաջարկը, իրենք կանեն համապատասխան հետևություններ: