ՀՆԱ-ի 7 տոկոսի չափով Հայաստանում քիչ հարկ է հավաքվում օրենքի սահմանած տարբեր արտոնությունների ու կարգավորման խնդիրների պատճառով՝ հաշվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում: Անհանգստացած են. նախորդ հունվարին ՊԵԿ-ում 34 հազար միկրոձեռնարկատեր էր հաշվառված՝ հիմա այդ թիվը դարձել է 46 հազար, ինչը երկրում ակտիվ հարկ վճարողների կեսից ավելին է: Արտոնությունների դաշտում խոշոր բիզնեսին հանդուրժել չեն պատրաստվում՝ ասում է ֆինանսների փոխնախարարը:
Արման Պողոսյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - Մտածում ենք, որ պետք է սահմանափակել ԱԱՀ վճարողների կողմից, միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկման բազայի նվազեցման հնարավորությունը:
Ըստ Արման Պողոսյանի՝ միկրոյի համակարգը պետք է սպասարկեր միայն անհատ դերձակ-կոշկակարներին, այնինչ՝ բիզնեսն էլ հարմար տեղավորվել է այդ դաշտում: Եթե խրախուսում ենք հարկերից ազատելով, պետք է չէ դրանից օգտվի տնտեսության կարևոր-հեռանկարային ճյուղը՝ զարմացած է հարկատուների պաշտպանություն ՀԿ-ի ղեկավարը:
Փայլակ Թադևոսյան, «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար - Ստացվեց՝ վարսավիրները հայտնվեցին միկրոյի տակ, այնն մյուս մասնագիտությունները... Կարծես կառավարությունն այլ բան էր ասել:
Թադևոսյանը դժգոհում է՝ փոփոխությունը որոշում, հետո նոր քննարկում են: Խոսքը կառավարության դեկտեմբերի 30-ին հրապարակած «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների» մասին է: Համաձայն փաստաթղթի՝ հիվանդանոցներն ու ԲՈՒՀ-երը կարող են զրկվել ԱԱՀ-ի արտոնությունից: Բնակչությունը մտահոգվեց՝ ուսման վարձը, բուժումը կթանկանան: Պետությունը հիմնավորում է՝ հավաքած լրացուցիչ գումարով իրենք կավելացնեն առողջապահական ու կրթական պետպատվերը: Հարկման ներկա մոդելը, մեղմ ասած, արդար չէ. եթե միկրոն ազատված է հարկերից, շրջանառության հարկի դաշտում բեռը 2-3 անգամ ցածր է, քան նույն գործունեության համար՝ բիզնեսը ԱԱՀ և շահութահարկ է վճարում: Նախատեսում են դա էլ փոխել:
Արման Պողոսյան - Ուղղություններից մեկը՝ շրջանառության հարկի շեմի նվազում, մյուսը՝ դրույքաչափի բարձրացում, որ դա հավասար լինի նույն գործունեության համար վճարվելիք հարկի հանրագումարին:
Գյուղոլորտում առաջարկվող փոփոխություններից. ասենք, կարտոֆիլ վաճառելիս կոոպերատիվի անդամի պես կառույցն էլ կազատվի հարկից: Ինչո՞ւ սունկ աճեցնելը չեք ներառել արտոնությունների ցանկում: Եթե կով-խոզ պահողը ռեստորանին ցուլիկը ոչ թե կենդանի է վաճառում, այլ մորթած, ստացվում է՝ պետք է հա՞րկ վճարի՝ հարց բարձրացրին Աուդիտորների պալատից:
Արթուր Հարությունյան, Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի փոխնախագահ - Երբ անասաբուծական ֆերման միս է վաճառում, դա համարվում է գյուղատնտեսությո՞ւն, թե՞ չի համարվում:
Արթուր Մանուկյան, ՊԵԿ նախագահի տեղակալ - Եթե մորթվել է ձուկ, հավ, կով, այդ դեպքում չի որակվում որպես գյուղատնտեսական արտադրանք:
Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ սպանդանոցները հենց աշխատեն, այդ հարցը կլուծվի: Քննարկումն այսպես կետ առ կետ դանդաղ առաջ շարժվեց: Ըստ ժամանակացույցի, փոփոխությունների փաթեթը պետք է կառավարություն ներկայացվի ամենաուշը մայիսի վերջին: