44-օրյա պատերազմի զինհաշմանդամներին առավել ֆունկցիոնալ պրոթեզներ տրամադրելու համար գործադիրը մշակել է հատուկ ընթացակարգ:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Պատերազմի այն մասնակիցները, ովքեր վնասվածքի արդյունքում ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար կիրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում:
Բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն կստեղծվի ավելի լայն մասնագիտական կարողություններով հանձնաժողով: Եթե անհրաժեշտ լինի, նաև արտասահմանից կհրավիրվեն մասնագետներ: Թե ինչ աստիճանի ֆունկցիոնալության պրոթեզ կտրամադրվի՝ կախված է անհատական կարիքից:
Մեսրոպ Առաքելյան - Այսինքն՝ պրոթեզավորման կարիք ունեցողn ի՞նչ միջավայրում է, մեքենա վարո՞ւմ է, թե՞ չէ: Պրոթեզի կիրառման անհրաժեշտությունը անհատական կարիքի գնահատման միջոցով է իրականացնելու հանձնաժողովը՝ միջավայրի, կարիքի, կացարանի:
Միջազգային գործընկերների հետ կիրականացվի յուրաքանչյուր անձի վերաբերյալ հարցում: Մասնագետների ներգրավումից մինչև պրոթեզից օգտվելու ուսուցում, հետագա սպասարկում. կվերանայվեն պրոթեզարանների գործունեության չափանիշները:
Մեսրոպ Առաքելյան - Այս մասով որոշակի աշխատանքներ են իրականացվել «Զինվորի տուն» ՀԿ-ի միջոցով, որոշ քաղաքացիների մասով կարիքների գնահատում է եղել, շարունակելու ենք գործակցությունը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հիմնական նպատակները երկուսն են՝ 1-ինը, ռազմական գործողությունների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել հնարավորինս արագ և իրենց համար հարմարավետ, 2-րդը՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի:
Պրոթեզավորման ծախսը կհոգա պետությունը: Սահմանափակում չկա: Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն այլ հատկացումներ: Պետությունը կաջակցի նաև, որ զինծառայողները վերապատրաստվեն ու ստանան մասնագիտական կրթություն:
Նիկոլ Փաշինյան - Պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձինք ոչ թե համակերպվեն իրավիճակի հետ, այլ սահմանափակումները հաղթահարեն՝ աշխատանքի, հանրային կյանքի:
Հակոբ Արշակյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Իրենց համար կարևոր ուղղություն կարող է լինել IT ոլորտում կրթություն ստանալը: Մասնավոր ընկերություններ կան, որ արդեն հայտնել են այդ մասին:
Վերամասնագիտացման ծրագրեր ունի նաև նախարարությունը: Մշակվում է նաև հաշմանդամության կարգի տրամադրման մեթոդաբանություն. առողջականից բացի՝ կկարևորվի ֆունկցիոնալության կարիքների գնահատումը:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ) - Սպասարկման խնդիրները ևս լուծելու ենք, քանի որ բարձր մակարդակի պրոթեզարովումը ենթադրում է նաև սպասարկում ժամանակ առ ժամանակ:
Մարտունու բուժկենտրոնի կառուցման համար վարկային համաձայնագրով կտրամադրվի 7,4 միլիոն դոլար: Հիվանդանոցը պատրաստ կլինի 2022-ին: Շուտով կսկսվի նաև Վայոց ձորի բուժկենտրոնի կառուցումը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն:
Արդարադատության նախարարի ներկայացրած նախագծով էլ վերանայվել են շենք-շինություն, հողամաս ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները:
Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Կարգավորել ենք թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմանները, թե՛մանրամասնել ենք իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս:
Նիկոլ Փաշինյան - Փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը վերացնելու համար կարող են երբեմն տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Հիմա փորձում ենք հնարավորինս հեշտացնել հարցը, որ նման բարդություններ չծագեն։
Կառավարության նիստում նաև Շիրակի մարզպետ նշանակվեց: Իր դիմումի համաձայն մարզպետի պաշտոնը թողած Տիգրան Պետրոսյանին կփոխարինի Հովհաննես Հարությունյանը: Նա 2019-ին զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը: