Կենսաֆիզիկոս և մայր բուհի ասպիրանտ, իսկ երեխաների համար պարզապես ընկեր Լիլիթը շտապում է տարվա առաջին պարապմունքին: Դիլիջանում հաստատված արցախցի ընտանիքների դպրոցահասակ երեխաները դասերից հետո նրան այստեղ են սպասում:
Լիլիթ Տոնոյան («Արտակարգ կրթություն» ծրագրի մասնակից) - Երբ «Դասավանդիր Հայաստան»-ը արցախցի երեխաների համար կրթական ծրագիր սկսեց իրականացնել, որոշեցի, որ պիտի միանամ թիմին որպես ուսուցիչ և համագործակցեմ: Սա նախատեսված է լինել ոչ ֆորմալ կրթություն, երեխաների համար ավելի հետաքրքիր դարձնելու, և հաջորդ նպատակը Դիլիջանում երեխաների ինտեգրումն է:
Դասավանդում է անգլերեն և հետաքրքրաշարժ ֆիզիկա: Աշխատել է Քաշաթաղի դպրոցում: Դիլիջանը որպես մշտական հասցե է ընտրել դեռ երկու տարի առաջ: Տավուշի մարզի հետ կապված ապագայի ծրագրեր ունի: Լիլիթը միակ արցախցի ուսուցիչը չէ, որ մասնակցում է «Դասավանդիր Հայաստանում» հիմնադրամի՝ պատերազմի օրերին մեկնարկած «Արտակարգ կրթություն» ծրագրին: Սոսեն ևս գոհ է, որ սիրած գործով զբաղվելու հնարավորություն է ընձեռվել:
Սոսե Քոչարյան («Արտակարգ կրթություն» ծրագրի մասնակից) - Երեխաների հետ աշխատելը միշտ էլ հաճելի է: Տնայինների հարցում եմ օգնում, ինչը չեն հասկանում, հետաքրքիր օրինակներով եմ բացատրում, որ չձանձրանան:
Սոսեն ընդամենը 2 շաբաթ աշխատեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, չգիտի՝ դեռ որքան կմնա այստեղ, բայց հաստատ վերադառնալու է իր գյուղ: Քանի որ մեծ թվով տեղահանվածները Դիլիջանում էին, ծրագիրը մեկնարկեց հենց Տավուշից:
Եսթեր Իսահակյան (Տավուշի մարզում «Արտակարգ կրթություն» ծրագրի ղեկավար) - Ծրագիրը տարողունակ է, ընդգրկում է և՛ առարկայական, և՛ ժամանցային, ինտելեկտուալ զարգացման պարապմունքներ: Ծրագիրը շարունակական է լինելու. այն ուսուցիչները, որոնք տեղափոխվելու են Արցախ, իրենց հետ շարունակելու ենք հենց այնտեղ աշխատել:
Դիլիջանի 2-րդ դպրոցում ուսումը շարունակող արցախցի Իլոնան դասերից հետո գիտի՝ ուր գնալ:
Իլոնա Իշխանյան (աշակերտ) - Ես ու իմ քույրիկը անգլերեն շատ ենք սիրում, դրա համար գալիս ենք:
Ծնողների խոսքով՝ իրենց հոգսը զգալի թեթևացել է.
Սովորելը՝ սովորել, բայց երեխաները չեն մոռանում նաև խաղերի մասին. դրսում ձյուն է, երկար էին սպասել: