Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայազգի պրոֆեսոր, կառավարչական հմտությունների բաժանմունքի հանրային կառավարման ծրագրի ղեկավար Ֆրենկ Զերունյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Շնորհավորելով երկրի գլխավոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Զերունյանն ընդգծել է Միացյալ Նահանգները բարոյական և իրավական հիմքերով կառավարելու Ջո Բայդենի խոստումը:
Հայազգի պրոֆեսորը գրել է, որ իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում ամեն ինչ արել է՝ արմատախիլ անելու ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցանք: Ֆրենկ Զերունյանը Բայդենին հիշեցրել է 2020-ի ապրիլի 24-ին և Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո 2020-ի հոկտեմբերի 25-ին ստանձնած պարտավորությունների մասին:
Հայազգի պրոֆեսորը նշել է, որ Politico պարբերականը հիշատակել է Բայդենի թվիթերյան գրառման մասին, որի համաձայն՝ ընտրվելու դեպքում, Բայդենը խոստացել էր աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը և մարդու իրավունքներն առաջնահերթություն դարձնել:
Ֆրենկ Զերունյանը ԱՄՆ նախագահին խնդրել է հարգել բոլոր խոստումները, քանի որ Միացյալ Նահանգները միշտ խրախուսել է ճշմարտությունը, արդարություն ու օրենքի գերակայությունը:
Հայազգի պրոֆեսորը նշում է, որ թեպետ չի կարող հետ բերել իր նախնիներին, այնուամենայնիվ հնարավոր է կանգնեցնել մարդկանց հանդեպ անմարդկային վերաբերմունքը:
«Հայերին, հրեաներին, կամբոջիացիներին, ռուանդացիներին, դարֆուրցիներին, այժմ էլ՝ ույգուրներին ուղղված «այլևս երբեք» արտահայտությունը պարզապես կարգախոս չէ, այլ երկրի երեսից ցեղասպանությունն արմատախիլ անելու գործողության խորիմաստ կոչ»,- գրել է Ֆրենկ Զերունյանը:
Նամակում հիշատակվում են Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու օրինակները, որոնց հետևել են հարյուրավոր պետություններ, քաղաքներ, շրջաններ, խորհրդարաններ: Հիշատակվում են նաև այլ կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահների արած խոստումներն ու «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու անհաջող փորձերը:
Զերունյանն անդրադարձել է նաև 2020-ի սեպտեմբերի 27-ի ողբերգական դեպքերին՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակմանը:
ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ամերիկյան սպառազինության դաժան ուժի կիրառմամբ ավերվել է հայերի նախնիների երկիրն Արցախում:
«Ագրեսորների համար մենք խիստ պատիժ ենք ակնկալում վերջին հանցագործությունների դիմաց: Կարևորն այն է, որ հուսով ենք, որ ԱՄՆ-ի բարոյական իշխանությունը կդադարեցնի ադրբեջանական ագրեսիան և այդ ագրեսորներին սպառազինության մատակարարումը: Եվ կարևորագույնը՝ հուսով ենք, որ աշխարհին կուղղորդեք դեպի Արցախի ճանաչումը, ինչը ժողովրդի գոյատևման միակ լուծումն է»,- գրել է հայազգի պրոֆեսորը:
Զերունյանը Բայդենին հիշեցրել է երդմնակալության ժամանակ հնչեցրած խոսքերը՝ «կառաջնորդվենք օրինակի ուժով», և նշել, որ սպասում են այս խոսքերի կատարմանը, քանի որ դրանք վերաբերում են ճշմարտությանը, արդարությանը, ցեղասպանության ճանաչմանը, մարդու իրավունքներին և Արցախին: