Մրցաշրջանի վերսկսմանն ակտիվորեն նախապատրաստվում է Երևանի «Արարատը»: Լեգենդար ակումբը մրցաշրջան 2020/21-ի գարնանային հատվածին ընդառաջ մարզումներն ու ստուգողական առաջին հանդիպումն անցկացրել է Ձորաղբյուրի սեփական մարզաբազայում: Թիմն ունի երեք նորեկ՝ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպան Արթուր Դանիելյանը և սերբ հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիմիտրի Պոբուլիչը:
Նախապատրաստական փուլում «Արարատն» արդեն հասցրել է մեկ ընկերական հանդիպում անցկացնել: Հունվարի 16-ին Ձորաղբյուրում «Արարատը» մրցել է Գյումրիի «Շիրակի» հետ, որտեղ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կարծում է, որ արդյունքը կարելի է բավարար համարել, քանի որ ձմեռային հանգստից վերադարձած ֆուտբոլիստները տևական ժամանակ չէին մարզվել:
Առհասարակ, «Արարատը», որն այս մրցաշրջանում լրջորեն հավակնում է մասնակցել բարձր հորիզոնականների համար պայքարին, լուրջ բարեփոխումներ է իրականացնում նաև սեփական մարզաբազայում: Նախորդ տարվանից մեկնարկել էին նոր խոտածածկով ու ջրահեռացման համակարգով խաղադաշտի շինարարական աշխատանքները: Ակումբի ներկայացուցիչները լիահույս են, որ դրանք ավարտին կհասցվեն այս տարի: «Արարատը» միայն նոր խաղադաշտով չի սահմանափակվելու:
Մրցաշրջան 2020/21-ի աշնանային հատվածն «Արարատն» ավարտել է առաջատարների խմբում: 18 միավորով «Արարատն» առաջին հորիզոնականում և այն կիսում է նույնքան միավոր վաստակած «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ: Գարնանային հատվածի նախապատրաստական փուլում Հայաստանում «Արարատը» պատրաստվում է անցկացնել ևս մեկ ընկերական խաղ՝ «Ուրարտուի» հետ, որին կարող է հաջորդել ուսումնամարզական հավաք Հայաստանից դուրս: