Հայաստանում առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Ըստ փաստաթղթի, ՆԳՆ ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։
Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:
«Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- նշված է նախագծում։
Ըստ օրենսդրական փաթեթի՝ նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտի ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի կարգավիճակ։ Նշվում է, որ քննչական դեպարտամենտին առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։
Հիմնավորումների մեջ ամրագրված է, որ նոր նախարարությունը չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի հետ:
«Մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի Կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ թեկուզ միայն այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե´ քաղաքական և թե´ քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։ Այդ տարբերության օգտին են վկայում կառավարման ձևի փոփոխությունը և քաղաքացիական գիտակցության ավելի զարգացած մակարդակը, ուստի և ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմների առկայությունը։ Մյուս ծանրակշիռ փաստարկը գաղափարախոսական այն փոփոխությունն է, որը նոր ոստիկանության համար նախատեսված է Ռազմավարությամբ, սակայն այդ համակարգային ու մտածողության փոփոխությունը բերելը դժվար կլինի առանց համակարգային և կառուցվածքային փոփոխությունների»,- նշված է նախագծի հիմնավորումներում։