ՀՀ կառավարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:
Որոշման նախագծում նշվում է, որ առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից:
Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։
Գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում.
-
համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88.6 մլրդ դրամով,
-
համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից
-
առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով,
-
արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով,
-
ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով,
-
գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր և կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։