Վարչական դատարանն այսօր բավարարել է նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը:
Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը, որոնց համաձայն նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից:
Հիշեցնենք՝ Ջհանգիրյանն աշխատանքից ազատվել և դասային աստիճանից զրկվել էր 2008թ. փետրվարի 23-ին, այն բանից հետո, երբ մասնակցել էր ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքին և ելույթ ունեցել: Այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանին, նշելով, թե իբր Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել էր» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:
Գ. Ջհանգիրյանը հանրահավաքին ելույթ ունենալուց հետո, նույն օրը երեկոյան նաև ձերբակալվել էր, ապա ավելի ուշ՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Սակայն 2019 թ. վճռաբեկ բողոքի հիման վրա Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել էր և ճանաչվել անմեղ: Իսկ 2020թ. հոկտեմբերին ՄԻԵԴ-ը Ջհանգիրյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ 2008թ. նրա նկատմամբ եղել են Կոնվենցիայի 5 (§1), 5 (§3), 6 (§1) և 11-րդ հոդվածների խախտումներ: