«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր, որն իրականացվում է Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների միջոցով:
Հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ: Վերջինս մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման արդյունավետ կազմակերպման գործում, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից:
Ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հավաստմամբ՝ վիրավոր զինվորների աջակցության ծրագրերն ու նախաձեռնություններն այս պահին հիմնադրամի գործունեության առանցքային կետերից ու առաջնահերթություններից են:
«Մեր զինվորներին որակյալ պրոթեզներով ապահովելու նախաձեռնությունը սկսել էինք դեռևս պատերազմից առաջ: Պատերազմը սկսվելուց հետո, գիտակցելով, որ կունենանք նոր վիրավորներ ու պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներ, հիմնադրամը բանակցություններ սկսեց արտերկրի կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանա նորագույն տեխնոլոգիաներով ու միջոցներով ապահովել հաշմանադամություն ունեցողների կարիքները: Մենք պատրաստ ենք ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի մեր վիրավոր զինծառայողները հնարավորինս շուտ վերադառնան լիարժեք կյանքի»,- նշեց Հայկակ Արշամյանը և հավելեց, որ վիրավոր զինվորների վերականգնողական բուժման նպատակով պատերազմից առաջ և հիմա էլ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ շարունակում են նվիրաբերություններ կատարել հիմնադրամին:
Հունվարի 23-ին ևս տեղի կունենա նմանատիպ դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down մետալ-ռոք խումբը: Հավաքված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի վիրավոր զինվորների պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու համար ծրագրի այս փուլում հատկացրել է 1.5 միլիոն դոլար: