ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո իջեցվել է հրահանգ, որ տղաները հետ քաշվեն Սյունիքում իրենց զբաղեցրած դիրքերից, կանոնավոր բանակը ներգրավվել է միայն հունվարի 5-ից հետո: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչու է կանոնավոր բանակն այդ ժամանակահատվածում սյունեցիներին մենակ թողել:
Վարչապետն ընդգծեց, որ հնչող մեղադրանքներն իրենց հասցեին հաճախ իրար մերժող և չեզոքացնող են:
«Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում՝ մեզ մեղադրում են, որ մենք տարածքները չենք տվել՝ ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար:
Հեռուստատեսային ուղերձում դրա մասին շատ հստակ անդրադարձել եմ և ասել եմ, որ այդտեղ կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որն անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք: Շատ դեպքերում մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել:
Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է: Այդ տարածքը 2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այդ թվում դահլիճում նստած պատգամավորները, արձանագրվել է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցությունները՝ առանց բացառության, այսօր ընդդիմություն են և իրենք են գծել, արձանագրել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա»,- ասաց Փաշինյանը: