Հանքարդյունաբերական, գյուղատնտեսական ու զբոսաշրջության ուղղություններով զարգացող Սյունիքի ընկերությունների համար պատերազմից հետո էլ նոր դռներ կբացվեն՝ համոզված է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանի խոսքով՝ նույնիսկ փոքր տարածքում ազատ տնտեսական գոտին կարող է սկսել գործել:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Իրականում պրոբլեմների ես չեմ հանդիպել: Էսօր արդեն ազատ տնտեսական գոտին կարող է ընդունել բիզնեսներ՝ շատ գրավիչ պայմաններով, տեղերն էլ սահմանափակ են, այնպես որ, կարծում եմ, շատ արագ կլցնենք տարածքը:
Մարզի գյուղատնտեսական ընկերությունները նոր առաջարկներ են ներկայացնում նախարարին: Մեղրիով անցնող Հայաստան-Իրան գազի խողովակից մեղրեցիներին գազ չի հասնում: Մեղրիի չրագործները կա՛մ արևի, կա՛մ էլ էլեկտրաէներգիայով աշխատող չրանոցների հույսին են:
Արթուր Հակոբյան (չրագործ) - Ամբողջ գազը Պարսկաստանից գալիս, Մեղրու միջով անցնում է, բայց էս տասը տարի է՝ մեզ գազ չեն տվել:
Մինչդեռ Մեղրիի գազիֆիկացման դեպքում տարածքի մեղրահամ չիրը ռուսական շուկայում առավել մրցունակ կդառնա: Մարզում կան և՛ սնանկացած, և հաջողության հասած պահածոյի գործարաններ: Նրանցից մեկը, օրինակ, մթերման սեզոնի ժամանակ մրցակցության մեջ է թարմ միրգ արտահանողների հետ: Ստացվել է այնպես, որ Մեղրիից ավելի շատ սկսել են թարմ միրգ արտահանել:
Գրիշա Գրիգորյան (պահածոյի գործարանի խորհրդատու) - Հիմա թարմ մրգի իրացումն ավելի ակտիվացել է՝ հատկապես մերձարևադարձային կուլտուրաների թզի, արքայանարնջի և նռան: Արդեն թզի մթերման խնդիրներ ունենք՝ կապված քանակների հետ:
Առաջարկ կա ավելացնել հատկապես թզի այգիները: Պահածոյի սնանկացած գործարանի մասով նախարարը խոստացավ՝ կփորձեն բանկերի և այլ ներդրումային կազմակերպությունների միջոցով առողջացնել ընկերության բիզնես պլանները: Պատերազմի հետևանքով խոշոր ֆերմերային տնտեսություններից մեկն էլ այս տարի խոտի պակաս կունենա: Ֆերմայի ամբողջ գլխաքանակը եվրոպական թանկարժեք կենդանիներ են:
Ալյոշա Մկրտչյան (անասնապահական, կաթնամթերքի և մսամթերքի ընկերության տնօրեն) - Մեր տարածքում մենք առնվազն մի 150 հեկտար հող ունենք, իսկ մեզ առնվազն մի 500-600 հեկտար հող է պետք, որ կարողանանք մեր գլխաքանակի պահանջը ապահովենք:
Սա նոր հնարավորություն է Հայաստանի այլ մարզերի հողագործների համար: Եթե կլինեն առվույտ ցանողներ, մեծ քանակով կարող են գնել:
Վահան Քերոբյան - Դա նոր հնարավորություն է այն գյուղացիների համար, որոնք ունեն ջրվող վարելահողեր և պարապուրդի են մատնել դրանք ու կարիք ունեն պահանջարկը լրացնելու և գումար աշխատելու:
Նախարարը վստահ է՝ Սյունիքում մարդիկ կարող են նաև աշխատատեղեր գտնել ոչ միայն գյուղատնտեսությունում՝ տուրիզմում, առևտրում, սպասարկման ոլորտում: Գործարարների հետ հանդիպումներում թե՛ նոր, թե՛ պատերազմի հետևանքով անավարտ մնացած բիզնես առաջարկներ եղել են:
Վահան Քերոբյան - Ես՝որպես ոչ վաղ անցյալի գործարար, ամեն տեղ տեսնում եմ շատ արհեստական խոչընդոտներ, որոնք ուղղակի չպետք է լինեին, և դա մտածելակերպի խնդիր է: Համայնքները բիզնեսմենին դեռևս չեն ընկալում որպես ինվեստորների, որ ուղղակի պետք է վազեն նրանց հետևից: Հասկանան, որ իրականում իրենք պետք է շահագրգռված լինեն ինվեստորին շահագրգռել դեպի իրենց մարզ:
Նախարարը հավաստիացնում է՝ այդ առաջարկներին պետական աջակցությունը կլինի ավելի հասցեական և հնարավորինս արագ լուծումներով: