Շուշին հայկական մշակութային կենտրոն է. անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում՝ մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն: Վստահ եմ, որ այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նա անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, որում նշվում էր, որ վերջերս ադրբեջանական կողմը մի քանի անգամ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փաստացի լուծվել է, ու նաև Ալիևը Շուշիում հանդես է եկել հերթական ընդգծված հայատյաց ելույթով՝ նշելով, որ Հայաստանում ռևանշի մասին մտածողները բախվելու են երկաթյա բռունցքի: Պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ ԱԳՆ-ն, և որոնք են առաջնահերթությունները, որոնք ունի նախարարությունը խաղաղ գործընթացի համատեքստում:
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդգծեց, որ ԱԳՆ-ն մի քանի հայտարարություն արդեն արել է:
«Կվկայակոչեմ նախարարության խոսնակի անդրադարձը Շուշիում նախագահ Ալիևի հնչեցրած սադրիչ և վիրավորող հայտարարությունների կապակցությամբ, որը մենք դատապարտում ենք և համարում ենք, որ այդ հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը: Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարությունները իրարամերժ են, որովհետև մի կողմից նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող սադրիչ հայտարարություններ, ինչը վկայում է, որ, հավանաբար, հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերը միասնական օրակարգ ձևավորեն»,- ասաց նախարարը:
Նա նշեց՝ կարևոր էր վերջերս կայացած իր այցն Արցախ, որի ընթացքում քննարկել են ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համադրելու, համակարգելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով առաջնահերթություններին՝ նախարարն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով և բանակցությունները վարել այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
«Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իր բնակավայրեր: Միջազգային հանրության կողմից, միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումը Արցախին, և վերջինը վերաբերում է մեր մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասաց ԱԳ նախարարը: