Ապրանքի սխալ դասակարգումից մինչև ներմուծվող իրերի մասին սխալ տեղեկություն: Տնտեսվարողների հնարամտությունները սահմաններ չեն ճանաչում, երբ հարցը մաքսային ավելի վճար մուծելուն է հասնում: ՊԵԿ-ի հետբացթողումային հսկողության վարչությունը նոր մեխանիզմներ է կիրառում, որ մաքսազերծման փուլում թաքնված ռիսկերը բացահայտվեն ու վերացվեն:
Արմեն Սաֆարյան (ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ) - Մեր կարողությունները վերլուծական և աշխատանքային մենք անընդհատ հզորացնում ենք, որովհետև ինչպես համաշխարհային մաքսային կազմակերպության, առևտրի միջազգային կազմակերպության, այնպես էլ մաքսային միության պահանջներից է, որ մենք մեր հսկողությունը նախաբացթողումային փուլից տեղափոխենք հետբացթողումային փուլ:
Տնտեսվարողին ոչ թե միանգամից փաստի առաջ կանգնեցնելով ստուգել և տուգանել, այլ նախապես հաշվարկել բոլոր ռիսկերն ու ներկայացնում նրանց: ՊԵԿ-ի ներդրած արդյունավետության նոր համակարգն է:
Արմեն Սաֆարյան - Մի կողմից՝ տնտեսվարողը տալիս է պատասխաններ և համարում ենք, որ ռիսկը չեզոքացված է, մյուսը, որ տնտեսվարողը ընդունում է ու հնարավորություն է տրվում վճարումներ իրականացնել: Եվ ունենք 3-րդը, երբ մեր ռիսկերին չի պատասխանում տնտեսվարողը:
Սաֆարյանը հստակեցնում է՝ 3-րդ տարբերակն ընտրողները հայտնվում են ռիսկային դաշտում ու ստիպված վճարում են տույժ-տուգանքները՝ կրելով ավելի մեծ վնասներ:
Արմեն Սաֆարյան - Նման գործելաոճ որդեգրելուց առաջ ևս մեկ անգամ գնահատել ռիսկերը, որովհետև մեր կարողությունները ավելանալու հետ մեկտեղ դրանց բացահայտումների տոկոսն ավելանում է, ու դուք վնասներ եք կրելու և դա ոչ միայն տնտեսվարողի համար է խնդիր, այլև տնտեսության վրա է ազդում:
ՊԵԿ-ի պաշտոնյան ներկայացնում է մեկ տարվա ընթացքում նոր համակարգի առավելությունները:
2020 թվականին հետբացթողումային վարչությունն իրականացրել է 93 մաքսային ստուգում, արձանագրել 558 միլիոն դրամի խախտում: Նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 76 մաքսային ստուգում, 304 միլիոն դրամի խախտում:
Իսկ ինչպե՞ս են պայքարելու թուրքական ապրանքները ներմուծել փորձողների դեմ: ՊԵԿ-ից վստահեցնում են՝ մաքսային, հարկային, օպերատիվ հետախուզական մարմիններն արդեն միջոցառումների հստակ ցանկ են մշակել ու ամբողջությամբ վերահսկում են, որ Мade in Turkey ապրանքանիշը Հայաստան չմտնի: