ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում վարչապետին հարց ուղղեց այն մասին, թե արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը պատրաստ է վերականգնելու մեր ռազմավարական պոտենցիալը՝ որպես պայմանագրի կողմ, և կա՞ն արդյոք այլ հնարավորություններ արագ վերադասավորումներ անելու, հզորանալու և մեր շուրջ ծագած անվտանգային խնդիրները լուծելու։
«Մեր անվտանգության համակարգի ամենամեծ պրոբլեմն այն է, որ մեր անվտանգության համակարգի հիմնասույնն ու ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգության թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս»,- նշեց վարչապետը։
Իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ին մենք չենք դիմել պատերազմի ժամանակ՝ հարցին անդրադառնալիս վարչապետը նշեց՝ պատճառը պարզ է՝ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս։
«Բնականաբար, մեր անվտանգային համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա, և մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք, այլև իրականացնում ենք գործողություններ, որոնց մասին արդեն նշեցի և որոնց կոկնկրետ դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքի մարզում։ Տեղի է ունեցել պարզ բան՝ կիզակետը համամապատասխանեցվել է ՀԱՊԿ գործողությունների իրավազորության տարածքին անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը։