2021 թվականից ԵԱՏՄ երկրների ապրանքների համար Հայաստանում նոր հնարավորություններ կբացվեն, քանի որ մեր երկիրը որոշել է հրաժարվել թուրքական ապրանքների ներկրումից, թեկուզ՝ ժամանակավորապես։ Թեպետ Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի չափանիշներով նոր շուկաներն այնքան էլ մեծ չեն, բայց, այնուամենայնիվ, կարող են հետաքրքիր լինել. պլաստիկի և հագուստի դեպքում տասնյակ միլիոնավոր դոլարների շուկաներ են ազատվում։ Ղրղզստանի չափանիշներով այդ շուկան առավել ևս զգալի է։ Ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնականը:
Իա Մալկինա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական - Միության երկրները հնարավորություն ունեն ազգային մակարդակով սահմանել ապրանքների ներմուծման կարգավորման այլ միջոցներ, որոնք չեն փոխանցվել հանձնաժողովի մակարդակին: Հայաստանի կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 1708 որոշումն ընդունվել է ազգային իրավասությանը համապատասխան: Ընդ որում, միության երկրների փոխգործակցությունն ապահովվում է ԵՏՀ խորհրդի ակտերին համապատասխան:
Ներմուծման փոխարինման հաջողված օրինակներ արդեն կան: Անցած հինգ տարվա ընթացքում հայկական շուկայում զգալիորեն աճել է ռուսական և բելառուսական կահույքի բաժինը: ԵԱՏՄ երկրները մնում են Հայաստանի պատրաստի արտադրանքի խոշորագույն գնորդները։ Այս շուկայում Հայաստանը հաջողությամբ վաճառում է ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք:
Իա Մալկինա - Միության երկրներից գործարարներին մատակարարումների լոգիստիկան վերակառուցելը, հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը, հեշտ չի լինի։ Այնուամենայնիվ, «հնգյակի» երկրները որոշակի շուկաներում ազատված տեղն զբաղեցնելու հնարավորություն ունեն: Երկրների արտադրողները կարող են Հայաստանում պայքարել տպագրական ներկերի, թանաքի և նամակի թանաքների շուկայի համար:
2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ռուս արտադրողներն արդեն 450 հազար դոլար արժողությամբ ապրանք են մատակարարել Հայաստան, իսկ Թուրքիան՝ 330 հազար դոլարի։ Նվաճումների մեկ այլ շուկա է ինչպես ջրային, այնպես էլ ոչ ջրային միջավայրի ներկերն ու լաքերը՝ սինթետիկ պոլիմերների հիման վրա: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Թուրքիան 2,4 մլն դոլարի մատակարարում է իրականացրել։ Ռուսաստանի և Բելառուսի մատակարարումները գրեթե կրկնակի ավելի են։ Ընդ որում, բոլոր 5 երկրներն ունեն նման ապրանքախմբերի արտադրություն և մատակարարում են երրորդ երկրների շուկա: Կազատվի նաև լվացող միջոցների շուկան։ ԵԱՏՄ-ում գնահատում են նաև ազգային արժույթների օգտագործման աճի հնարավորությունները:
Իա Մալկինա - Այսօրվա դրությամբ՝ համաշխարհային առևտրի սպասարկման մեջ ԵԱՏՄ ազգային արժույթների մասնաբաժինը կազմում է մոտ 2 տոկոս, բայց ԵԱՏՄ-ի ներսում զգալի հաջողություններ են գրանցվել: Կա հետագա աճի ներուժ:
Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտրում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը հասել է 74 տոկոսի։