2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ:
Դրանից զատ՝ ավելացել է շահառու կազմակերպությունների թիվը. մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող 4 մարզական հասարակական կազմակերպությունների («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ 2021 թվականին աջակցություն ստացող կազմակերպությունների թիվն ավելացել է 3-ով: Այս տարի աջակցություն են ստանալու նաև Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները: 2021 թվականին ավելանալու են նաև պետական աջակցության շրջանակում անցկացվող ՀՀ առաջնությունների, միջազգային մրցաշարերի և մասնակիցների թիվը, մարզաձևերի քանակը: Բացի խուլերի ըմբշամարտ, շախմատ, ֆուտզալ, կույրերի շախմատ մարզաձևերից՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները կմասնակցեն նաև պաուերլիֆթինգ, պարականոե, անվասայլակով բասկետբոլ, հաշմանդամային սեղանի թենիս, պարաաթլետիկա, հաշմանդամային բազկամարտ, սեղմում հենարանից մարզաձևերից անցկացվող մրցումներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի նախատեսում է իրականացնել նաև «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որի կանոնակարգը հաստատվել է նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թ. 11-Ա/2 հրամանով: Բացի դրանից՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները: