Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցրեց 2020-ի դեկտեմբերին:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Ֆեյսբուքի էջում գրեց. «Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի հանուն Հայրենիքի անվտանգության պետք է գործադրել բոլոր ջանքերը»:
Վիտալի Բալասանյան (Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար) - Ամենայն պատասխանատվությամբ ընդունեցի այդ պաշտոնը, իհարկե, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց ավելի քան համոզված եմ և վստահ եմ, որ այդ գրասենյակը, որ ձևավորվել է կարճ ժամանակում, իր առջև դրված խնդիրները անելու է:
Բալասանյանը կոչ է անում ԱԺ-ի 4 կուսակցություններին արձագանքել նախագահի հայատարարությանը՝ համախմբվել և համատեղ գործունեություն ծավալել:
Վիտալի Բալասանյան - Ավելի քան վստահ եմ, որ կամուրջները վառված չեն, և այդ կուսակցությունները և մոտ ժամանակներս վերանայելու խնդիր ունեն: Խոսքը վերաբերում է պատասխանատվության մասին: Վստահ եմ՝ այդ կուսակցությունները ապագայում ամենայն մեծ պատասխանատվությամբ կստանձնեն ինչ-որ պարտավորություններ:
Բալասանյանը վստահեցնում է՝ Արցախի անվտանգության խորհրդի պաշտոն ստանձնելը ոչ մի քաղաքական պայմանավորվածության արդյունքում չի եղել: Հիշեցնում է՝ ինքը քաղաքական կուսակցության անդամ չէ, երբեք չի եղել, ու վստահ է՝ չի լինելու, իր գործը երկրին ծառայելն ու զինվորագրվելն է:
Վիտալի Բալասանյան - Կարծում եմ, որ զինվորը չպետք է լինի քաղաքական կուսակցության անդամ: Իհարկե, յուրաքանչյուրն ունի իր քաղաքական գիծը, ճանապարհը, կարծիքը, տեսակետը, ռազմավարությունը, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր մարդ, որ զբաղվում է քաղաքականությամբ, պետք է լինի այս կամ այն քաղաքական ուժի անդամը:
«Արդարություն» կուսակցությունը, այնպես ինչպես մյուս քաղաքական ուժերը, ունի իր ռազմավարությունը, իր կուրսը: Ինչպես նախկինում, այսօր էլ այն ընդդիմություն է:
Բալասանյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ դա անկախ կուսակցություն է, ԱԺ-ի 3-րդ ուժն է, կուսակցությունը նույնականացնել Բալասանյանի հետ, հարկավոր չէ: