Քովիդի տարածմանը զուգահեռ աշխատանքը դարձավ 24/7 ռեժիմով, հիվանդանոցներին հեղուկ թթվածնով ապահովելու համար կայանում արտադրության ծավալը մի քանի անգամ ավելացավ, 40 տարվա սարքերը հիվանդանոցներին մատակարարում էին օրական 2-3.000 լիտր հեղուկ թթվածին:
Միխաիլ Մարտիրոսյան (ԱԱԳԼ հիմնադրամի գլխավոր ինժեներ) - Առաջին լուրջ պիկը եղել էր հունիսին, արտադրությունը հասցրինք 52 տոննայի: Երկրորդ ալիքը եղել է հոկտեմբերին, արտադրությունը հասցրել ենք մինչև 75 տոննայի:
Արտադրական ծավալների մեծացմանը զուգահեռ 50 տարվա կրիոգեն կայանի հնամաշ սարքերը դարձել էին վթարային, ճնշման սլաքները իջել զրոյի: Վթարված կայանը հիվանդանոցներում կորոնայից բուժվողների արհեստական շնչառության համար հեղուկ թթվածին էր մատակարարում պահուստային ֆոնդից, նորոգում էին իրենց ուժերով:
Միխաիլ Մարտիրոսյան - Մենք էինք դրա մասին խոսում, որ նոր կայանի կարիք կա, էս կայանը որ էս ռեժիմը պահպանի, չգիտեմ՝ ինքան կդիմանա:
Կյանքեր փրկող կայանը հիմա ինքն ունի փրկության կարիք: Փաստի առաջ չկանգնելու և թթվածինը ճիշտ ժամանակին հիվանդանոցներ հասցնելու համար որոշեցինք նոր կայան գնել՝ նոր սարքավորումներ; Հաշվարկել են՝ 700 հազար դոլար է պետք:
Հիմնադրամի տնօրենը Միացյալ Նահանգներում է՝ հայ-ամերիկյան միջազգային կոմիտեին ներկայացրել է նոր կայան ունենալու անհրաժեշտությունը: Ոչ միայն հավանել են գաղափարը, նաև տեղում դրամահավաք կազմակերպել: Վերազինելու համար Բոստոնի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիան և Հայ-ամերիկյան բժշկական ընկերությունը օգնության ձեռք մեկնեցին: Ուսումնասիրել և կայանը գնել են ռուսական ընկերությունից;
Անի Ապրահամյան (ԱԱԳԼ հիմնադրամի տնօրեն) - Որոշեցինք, որ ամենալավ տարբերակը Ռուսիայեն գնենք: Ընկերության անունը «Գելիմաշ» է, իրենք անուն ունեն որպես լավ կրայոգեն կենտրոն, և մեր աշխատանքը ստացած ենք:
Պրոֆեսոր Ապրահամյանը թթվածնի նոր կայան ունենալու փաստը չի կապում միայն համավարակի հետ: Ի վերջո, Հայաստանը կունենա թթվածնի կայուն կայան:
Անի Ապրահամյան - Շատ շնորհակալ եմ առողջապահության նախարար դոկտոր Ավանեսյանին և Բաբլոյանին, իրենք համաձայն են այս գաղափարին, որ Հայաստանը ունենա մի կենտրոն, որ չի խախտվիր, այսինքն՝ կարող է տոկուն լինել Հայաստանի համար:
Նոր սարքավորումը հնարավորություն կտա միաժամանակ ստանալ հեղուկ և գազային թթվածին, կայանի ձեռքբերումը հնարավորություն կտա մեծացնել արտադրության ծավալը, կրճատել կորուստները:
Գևորգ Քառյան (ԱԱԳԼ հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն) - Բացի հեղուկ թթվածնից՝ կայանն ունենալու է հեղուկ ազոտի արտադրություն, որը հատկապես կարևոր է պաշտպանական նպատակներով օգտագործվելու համար: Նաև որոշ սարքերի, չափիչ սարքերի շահագործման համար գիտական նպատակներով հեղուկ ազոտի անհրաժեշտություն ունենք:
Ռուսական ընկերության հետ պայմանագիրը կնքվել է, շուտով նոր սարքը կլինի Երևանում: Կանցնի մեկշաբաթյա թեստավորում, որից հետո նոր հզորությամբ կսկսվի արտադրությունը: