Առանց մաքսատուրքի նավթամթերք ներկրելու համար հայ մատակարարողները երկրորդ աղբյուրի հնարավորություն են ստանում։ Ռուսական շուկային որպես այլընտրանք դառնալու է ղազախականը։ Համաձայնագիրը երկու երկիրներն ստորագրել են 2020-ի հուլիսին, իսկ այսօր խորհրդարանը քննարկեց փաստաթուղթը վավերացնելու հարցը։
Ղազախական շուկայում բենզինի արտադրության ներուժը մեծ է, իսկ մեր երկիրն այս ոլորտում ներկրող է։ Մրցակցության արդյունքում գների նվազում փոխնախարար Տերտերյանը կանխատեսում է, բայց այսօր հստակ թվեր նշել չի շտապում։
Ղազախական շուկայից ներկրվող նավթամթերքը կարող է ծածկել անգամ ամբողջ Հայաստանի պահանջարկը՝ ընգծեց գլխադասային՝ տնտեսական, հանձնաժողովի նախագահը։ Բաբկեն Թունյանի խոսքով՝ ծավալները, սակայն, որոշվելու են հետագայում, համաձայնագիրն էլ գործելու է 2022-ից։
Օրենսդիրն այսօր ևս մեկ համաձայնագրի վավերացման հարց էլ քննարկեց։ Խոսքն արդեն ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում ծխախոտային ապրանքատեսակների ակցիզավորման հարկը ներդաշնակեցնելու մասին է։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ սահմանվելու է կողմնորոշիչ դրույքաչափ՝ 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք՝ կախված ազգային արժույթից։ Փաստաթղթի այդ դրույթը, սակայն, ճկուն է լինելու։
Սա պայմանավորված է լինելու երկրների ներքին տնտեսական ցուցանիշներով։ Ըստ Պողոսյանի՝ այս պահին ակցիզային հարկը 1000 գլանակի համար Հայաստանում կազմում է 11,070 դրամ։ Մինչև 2023-ի ավարտն էլ հարկատեսակը տարեկան 15 տոկոսով կբարձրանա։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց նաև գյուղոլորտին վերաբերող օրինագիծ․ գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասը, որ անմշակ ու լքված չմնա, էկոնոմիկայի նախարարությունը որոշել է գույքագրել չօգտագործվողները, դրանց պատճառներն ու հնարավորության դեպքում օպտիմալ լուծում գտնել։
Վիճակագրությունը փաստում է՝ հանրապետության 444,800 հա վարելահողերի գրեթե 50 տոկոսը չի օգտագործվում։ Սա շռայլություն է մեզ նման փոքր երկրի համար՝ նկատում են պատգամավորները։ Օբյեկտիվ պատճառներով հողակտորները հիմնականում կտրտված են, կան անջրդի տարածքներ: Ի՞նչ է առաջարկում կառավարությունը, հետաքրքրվում են։
Այսքանով օրեսնդիրը սպառեց քառօրյայի օրակարգն ու ընդունեց քննարկած բոլոր նախագծերը, ավելի վաղ առավոտյան խորհրդարանը կողմ էր քվեարկել նաև երեկ քննարկված նախագծերին, այդ թվում՝ ավտոմեքենաների տեխզննման կարգի փոփոխության, մեքենաների վրա գազաբալոն տեղադրող ընկերությունների լիցենզավորման ու Երևանում կարմիր գծերը 12 վարչական շրջանից միայն երկուսում՝ Կենտրոնում ու Արաբկիում թողնելու, վարորդին էլ առանց 15 րոպե տևողությամբ տեսանյութի չտուգանելու մասին օրենքներին։