Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
«Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար. «2020 թ. բավական ծանր տարի էր նաև մարզային փրկարարական վարչության համար: Համավարակի և պատերազմի օրերին դուք ցուցաբերել եք բարձր պրոֆեսիոնալիզմ, ակտիվորեն համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ՝ իրականացրել եք ձեր առջև դրված բոլոր կարևորագույն խնդիրները»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա. Փամբուխչյանը: «Իրենց կյանքը վտանգելով՝ մեր փրկարարներն ամեն օր ապահովում են քաղաքացիների անվտանգությունը: Ձեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի,- ասաց նա՝ կարևորելով 2021 թ. իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացումը:
2020 թվականի ընթացքում Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:
Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել.
-
վարչության իրավասության սահմաններում՝ պետական կառավարման տարածքային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համագործակցության իրականացմանը.
-
կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններում գործունեության իրականացմանը.
-
արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկմանը.
-
ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացմանը:
«Վարչությունը 2020 թ. հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարել է ամբողջությամբ»,- ասաց վարչության պետը:
2020 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք և պատահար (2019 թ.` 1425): 2020 թ. մարզում 2019 թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 249-ով կամ 17,5%-ով:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ պատերազմական գործողությունների ընթացքում հատկապես աշխատանքներ են իրականացվել մարզում առկա ապաստարանները և թաքստոցները ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թվով 15 փրկարարներ մասնակցել են պատերազմական գործողություններին:
Նա ընդգծեց նաև բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, մասնավոր տների նկուղները պատշաճ տեսքի բերելու կարևորությունը՝ այս հարցում ակնկալելով նաև մարզային իշխանությունների աջակցությունը: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ վարչության պետը ներկայացրեց ամենօրյա պարբերականությամբ մարզում հանրային օբյեկտների ախտահանման գործընթացը (ավտոկանգառներ, բանկոմատներ, շուկաներ և այլն):
2020 թ. վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական ևս թվով 9 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատների մասնաշենքերը: Մասնակի վերանորոգումներ իրականացվել նաև պետական ծրագրով չընդգրկված հրշեջ- փրկարարական ջոկատների մասնաշենքերում:
Վարչության պետն անդրադարձավ նաև առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Ամփոփելով հաշվետվությունը՝ Արամ Խաչատրյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ վերահաստատելով մարզպետարանի պատրասատակամությունը ամեն կերպ աջակցել վարչության գործուներությանը՝ ի շահ մարզի ազգաբնակչության անվտանգության ապահովման: Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ոլորտի մի խումբ նվիրյալների:
Մի խումբ փրկարարներ, լավագույնը ճանաչվելով տարբեր անվանակարգերում, պարգևատրվեցին նաև վարչության պետի շնորհակալագրերով»,- ասված է Լոռու մարզպետարանի տարածած հայտարարությունում: