Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և ապաշրջափակման հարցում ի՞նչ հիմքով է որոշվել երկրի շահի առկայությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ և՛ տնտեսական, և՛ տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը չպետք է հաշվի առնվի։
«Բայց, այնուամենայնիվ, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որ, ի վերջո, հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը լուծել։ Ես անձամբ կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի։ Խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգության երաշխիք կարող է լինել»,- նշեց փոխարչապետը։
Դեռևս քննարկումների փուլը չի էլ սկսվել՝ նշեց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունվարի վերջին։