Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Ռոման» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Սպեցիայի» հետ։
Հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին: Անդրեյ Գալաբինովն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու առաջ մղեց հյուրերին։ 15-րդ րոպեին Ռիկարդո Սապոնարան կրկնապատկեց «Սպեցիայի» առավելությունը։
43-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին կրճատեց հաշվի տարբերությունը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 73-րդ րոպեին «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի հենց սկզբում հռոմեական թիմը մնաց 9 ֆուտբոլիստով։ Նախ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ջանլուկա Մանչինին։ Եվս մեկ րոպե անց մրցակցին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտ ստացավ դարպասապահ Պաու Լոպեսը։
107-րդ րոպեին Դանիելե Վերդեն առաջ մղեց հյուրերին։ Խաղավերջում Ռիկարդո Սապոնարան դուբլ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ «Սպեցիան» հաղթեց 4-2 հաշվով ու կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում։