Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, հիշեցրեց, որ նախորդ տարվա վերջին հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով, որն իր համար զարմանալի կերպով մերժել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։
«Հետևաբար, իշխող ուժի համար այնքան էլ տրամաբանական չէ, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին ասեմ՝ եթե քաղաքական ուժը, որն, ընդ որում, միևնույն ժամանակ հայտարարում է, թե չի կարծում, որ իշխանությունը կկեղծի ընտրությունները, բայց այդ պայմաններում ասում է, որ չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է՝ իրենք այս գլխից արձանագրում են իրենց պարտությունն արտահերթ ընտրություններում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ իր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։
Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը. Փաշինյանի սկզբունքը չի փոխվել, իսկ հակառակ դիրքորոշումն անհասկանալի է իշխող ուժի համար։
Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում «Ալյանսը» առանձին ցուցակով մասնակցելու է ընտրություններին: