ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հետաքրքրվեց, թե պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված շուրջ 170 միլիոն դոլարը ի՞նչ ուղղություններով է ծախսվել։
ՀՀ ֆինանսների նախախար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հարցը մանրամասնորեն քննարկվել է։ Հիմնադրամից 52.7 միլիարդ դրամ է փոխանցվել պետական բյուջեին։
«Մենք ստիպված ենք եղել՝ կապված ռազմական գործողությունների հետ, իրականացնել ծախսային միջոցառումներ, որոնք այլ պայմաններում պետական բյուջեն չէր իրականացնելու։ Դրանց ծավալը հաշվետվությունը ներկայացնելու պահին 101 միլիարդ դրամ էր։ Խոսքը ռազմական գործողություններով պայմանավորված լրացուցիչ միջոցառումների համար հատկացումների ծավալի մասին էր։
Բայց ժամանակի ընթացքում թիվը, իհարկե, ավելացել է։ Այլ կերպ ասած՝ չկա կոնկրետ ուղղակի կապակցում բյուջեի որևէ մուտքի կամ որևէ ծախսի, մյուս կողմից կա հստակ ընթացակարգ, որով մանրամասնվում են բոլոր ծախսերը՝ ոչ միայն ռազմական գործողությամբ պայմանավորված, այլև՝ առհասարակ»,- նշեց Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ պետական բյուջեն միակ գործիքն է, որի միջոցով ենթադրվում է, որ պետք է իրականացվեն պետության առաջ ծառացած խնդիրները, իսկ մնացած միջոցները հարակից են և ստեղծված են՝ օժանդակելու պետբյուջեին։