Ադրբեջանի ղեկավարությունը հաճախ խոսում է հայկական «ֆաշիզմի» մասին, բայց ակնհայտ է՝ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք այդ երկրում: Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետն ու հավելեց՝ այդ առումով անելիք ունի թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանական դիվանագիտությունը: Վարչապետը նաև կարծում է՝ Ադրբեջանից հնչում են հակասական հայտարարություններ:
Ադրբեջանի նախագահի իրարամերժ հայտարարությունները դատապարտելի է համարում նաև Հայաստանի գլխավոր դիվանագետը: Արա Այվազյանի կարծիքով՝ հենց դա էլ փաստում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջովին լուծված չէ: Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Առաջնային հարցեր են ապաշրջափակումը, հայ բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրերը, հումանիտար աջակցության ապահովումն Արցախին ու հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:
Ինչո՞ւ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից վարչապետին չհաջողվեց գերիների խնդրով հաջողության հասնել` պարզաբանում խնդրեց «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը: Հայաստանից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, ինչո՞ւ նրանց վերադարձի հարցն այդ տարիներին չի հնչել ԱԺ դահլիճում՝ արձագանքեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Եվ ինչո՞ւամեն անգամ չի հնչել այդ նույն հարցը՝ դուք գնացիք, բանակցեցիք և Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս: Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Կներեք, բայց ես այս ողջ ընթացքում չեմ տեսել ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Եվ այո, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ:
Վարչապետն ինչո՞ւ է պաշտպանության նախարարին հրահագնել դեկտեմբերի 17-ից հետո սյունեցիներին մենակ թողնել: Հետաքրքրվեց ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանը: Փաշինյանը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել Ադրբեջանին:
Վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը կրկին հրավիրեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: