Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչը պետք է ձգտել իրականացնել նաև քաղաքական գործիքակազմով, ներառյալ՝ միջազգային սուբյեկտայնության բարձրացման միջոցով: Այս առումով, ըստ երկրի ղեկավարի, չափազանց կարևոր է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ողջ ներուժի խելացի և հետևողական կիրառումը երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում:
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին անմիջական քննարկումների և ապագայի հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար՝ դրանք համարելով օգտակար և պահանջված։