Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, և միֆ է, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել: Այդ մասին խորհրդարանում, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրվել է եռակողմ հայտարարություն, դրանից հետո եղել են Ֆրանսիայի, և ԱՄՆ նախագահների միջնորդությունները: «Դա կարևոր է արձանագրել՝ նշելու, որ Հայաստանը արել է քայլեր՝ կանգնեցնելու պատերազմը»,- ասաց նա:
Փաշինյանը շարունակում է պնդել, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն է և այսօր էլ կրում է այդ պատասխանատվությունը: «Այդ պատասխանատվությունը նոյեմբերի 9-ով չի ավարտվում, այն շարունակվում է մինչև օրս: Եթե գտնեինք, որ պետք է հրաժարական տայինք, կտայինք, և դա կլիներ շատ հեշտ լուծում և անպատասխանատու լուծում: Մենք կկրենք քաղաքական պատասխանատվությունը, նաև բարոյական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև, և դրանից որևէ մեկը չի խուսափի»,- ընդգծեց վարչապետը:
Նա նշեց, որ պատասխանատվության մաս է նաև ժողովրդին պատկանող իշխանությունը պահպանելը, որ այն որևէ մեկը չխլի, ինչպես երկար տարիներ խլված է եղել: