Գյուղատնտեսությունը 2020 թվականին դրական ցուցանիշ է արձանագրել: Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել դեկտեմբերի և տարեկան՝ վերջնական թվերը, սակայն գյուղատնտեսության շրջանառությունը 2020 թվականին ավելացել է 3-4 տոկոսով նախորդ տարվա համեմատ, «Լուրերի» հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - 2020 թվականին գյուղատնտեսությունն իրեն լավ է դրսևորել, և մենք ունենք լավ աճ: Նաև ունենք շատ էական արտահանման աճ, որը արդյունք է նրա, որ նախորդ տարիներին ինտենսիվ գյուղատնտեսությունն ու ջերմոցային տնտեսությունները լայն թափով ստեղծվել են:
Չնայած առանձին ոլորտի դրական ցուցանիշին՝ 2020 թվականի տնտեսական աճը բացասական է լինելու: Քերոբյանը 8-8,5 տոկոս անկում է կանխատեսում: Նախարարը համոզված է՝ հունվարին իրավիճակն արդեն կփոխվի և հնարավոր կլինի կանխել անկումը:
Վահան Քերոբյան - Հուսով եմ, որ փետրվարին կամ մարտին մենք արդեն դրական արդյունքներ կունենանք:
Բիզնեսն ադապտացվել է ներկայիս պայմաններին՝ ասում է Քերոբյանը, սակայն համավարակը դեռ շարունակում է որոշակիորեն ազդել տնտեսության վրա: Խոսքն, առաջին հերթին, զբոսաշրջության մասին է:
Վահան Քերոբյան - Հիմա մենք աշխատում ենք մեր մի քանի տուրիստական ընկերությունների հետ:
Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին հաշվարկներ չունի, թե ի՞նչ տնտեսական արդյունք կունենանք տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման դեպքում: Սակայն կառույցում վստահ են՝ այս ծրագրերի իրագործման պարագայում Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու լուրջ նախադրյալներ կստանա:
Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել նաև Ագրարային համալսարանում, ծանոթացել նոր տեխնիկայով հագեցած լսարաններին: