Սոցիալական ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունը մնում է առաջնահերթ, սակայն նախորդ տարի երկու ճգնաժամի՝ համավարակի և պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները առնվազն սոցիալական ոլորտում, կարճաժամկետ հատվածում փոփոխությունների ենթարկեցին մեր առաջնահերթությունները, որի ուղղությամբ այս պահին մեծ աշխատանքներ են տարվում: Մեծ հաշվով, կարևորագույն սկզբունքները, որը նաև նախարարությունում իմ աշխատանքում ներգրավվելու ժամանակվանից ֆիքսել ենք՝ մաքսիմում իրականացնել պետության կողմից մատուցված ծառայությունները հարմար և արագ, քանի որ խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքացիներին տրամադրենք անհրաժեշտ սոցիալական աջակցությունը, այլ այդ աջակցությունը տրամադրման գործընթացքում ավելորդ քաշքշուկներից և խնդիրներից պահենք: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարի խոսքով՝ դրանով պայմանավորված՝ նաև այս տարի ոլորտի կարևորագույն փոփոխությունը միասնական սոցիալական ծառայությունների ներդրումն է: Պատերազմից հետո, ըստ նախարարի, կարող ենք երկու խումբ առանձնացնել՝ մեկը արցախահայությունն է, մյուսը՝ հաշմանդամություն ձեռք բերած և նաև վիրավորում ստացած քաղաքացիները:
«Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում, և մեր սոցիալական ծրագրերի զգալի մասը Արցախի կառավարության հետ ենք իրականացնում հենց Արցախում, իսկ քաղաքացիների այն խումբը, որը կորցրել է իրենց բնակավայրերը, գտնվելով ՀՀ-ում, ստանում է անհրաժեշտ սոցիալական աջակցություն և կշարունակի ստանալ այնքան, ինչքան դրա կարիքը կա, սակայն երկարաժամկետ հատվածում մեր գլխավոր ռազմավարությունը, որի շուրջ աշխատում ենք ԱՀ կառավարության հետ, այդ մարդկանց վերաբնակեցումն է Արցախում՝ նոր կացարանների կառուցման մրջոցով:
Հարցին՝ քանի՞ արցախցի կա այս պահին Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ այդ թիվը հասնում է մինչր 40 հազարի:
«Կարելի է ֆիքսել, որ 90-100 հազար արցախցի այս պահին վերադարձել է Արցախ»,- հայտնեց Առաքելյանը: