Ազգային ժողովը 81 կողմ, 2 ձեռնպահ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի և Կորյուն Մկրտչյանի հեղինակած՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու, կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն ընդունվեց 83 կողմ ձայնով:
Նշենք, որ նախագծով համայնքներին իրավուք է վերապահվում արգելել համայնքին պատկանող որոշ տարածքներում տրանսպորտային միջոցների վաճառքի և վարձույթի կազմակերպումը:
Կառավարության ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց կողմ 81, դեմ 0, ձեռնպահ 2 ձայներով:
Նշենք, որ նախագծով ներդրումային ծրագիր իրականացնելու կարգում կկրճատվի վարչարարությունը:
Կառավարության ներկայացրած «ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց կողմ 83 ձայնով, իսկ ՀՀ հողային օրենսդգրքում լրացում կատարելու օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 կողմ, 2 ձեռնպահ ձայներով:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախագծի քննարկման ժամանակ նշել էր. «Նախարարության քաղաքականության մեջ է մտնում, որ մենք այն հողատարածքները, որոնք գյուղատնտեսության համար արդյունավետ չեն, կարողանանք շատ հեշտությամբ փոխել արդյունաբերականի և այդպիսով կարողանանք խթանել գյուղական տարածքներում նաև ոչ գյուղատնտեսական արդյունաբերության հիմնումը»: