Պատասխանատվությունը լինում է քրեական, քաղաքական և բարոյական: Քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում, քաղաքական պատասխանատվության հարցը՝ քաղաքական պրոցեսների շրջանակում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ որն է Կառավարության ղեկավարի պատասխանատվությունը:
Պատգամավորի հաջորդ հարցը արտահերթ ընտրությունների մասին է: Մելքումյանը կարծում է՝ վարչապետը պետք է հրաժարական տա՝ առանց նախապայմանների և լինեն արտահերթ ընտրություններ:
«Դուք անընդհատ ինչո՞ւ եք մեզ խորհուրդ տալիս՝ ինչ անել, մեծամասնությունը կքննարկի և կորոշի՝ ինչպես վարվի: Մենք ձեզ հրավիրում ենք ձեր բարձրացրած հարցի քննարկմանը, դուք հրաժարվում եք: Դուք ուզում եք առանց նախապայմանների լուծվի, մենք հարցնում ենք՝ դուք ո՞ւմ եք ներկայացնում: Մենք ներկայացնում ենք ժողովրդին և պատրաստ ենք կանգնել ժողովրդի առջև»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև Մելքումյանի այն դիտարկմանը, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի՝ իր նշած դրույթն ուժը կորցրած է ճանաչվել:
«Օրենքը ուժի մեջ է իր հավելվածներով, այնպիսի բան չկա, որն ուժի մեջ չէ: 86-ին եղել է մեկ միասնական պետություն, Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև եղել է վարչական սահման, որի շրջանակում հետագայում քաղաքական պրոցես է եղել»,- նշեց Փաշինյանը: