Վրաստանում կայացել է ARTSAKH INTERNATIONAL SOLIDARITY խորագրով առցանց համերգը, որի հիմնական ուղերձը Արցախին համերաշխություն հայտնելն էր, «պատերազմի զոհերին չմոռանալը», հայտնում է Aliq.ge-ն:
Կազմակերպության հիմնադիր Իրակլի Կակաբաձեի խոսքերով՝ միջոցառումը կոչ էր քաղաքակիրթ մարդկությանը՝ կանխելու ծրագրված ցեղասպանությունը, նման վայրագություններն ու ընդհանրապես պատերազմները:
Կակաբաձեն ասել է, որ Վրաստանում ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչները սպառնացել են արցախցիներին աջակցող միջոցառման կազմակերպիչներին, զանգահարել են իրեն և իր գործընկերներին՝ պահանջելով հրաժարվել միջոցառման անցկացումից: Չնայած սպառնալիքներին, միջոցառումը տեղի է ունեցել, մասնակցել են օտարերկրացի և վրացի դերասաններ, անցկացվել է նաև Արցախի օգնության դրամահավաք:
Կակաբաձեն խոսել է ահաբեկչության սպառնալիքի մասին: Նա նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները անընդհատ Թուրքիայից թափանցում են Վրաստան, իսկ պատերազմի արդյունքում հայտնվեցին նաև Արցախում:
Վրացի քաղաքական գործիչը խոստովանել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ավելի ու ավելի են ընդլայնում իրենց ազդեցությունը Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա:
Aliq-ի հետ զրույցում Կակաբաձեն շեշտել է՝ «Մենք պայքարում ենք հանուն խաղաղության, ու չենք հանձնվի»: