Պատգամավոր Գոռ Գևորգյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե պատերազմից հետո Ադրբեջանում սաստկացող հայատյացության պարագայում, որն արտահայտվում է անգամ դրոշմանիշներով, ինչպե՞ս է պատկերացնում հետագա քաղաքականությունը։
«Ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ, և ոչ միայն մեր պատերազմը, այլև ցանկացած պատերազմ: Պատերազմը չի կանգնում մի օրում: Մեր խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը:
Նոյեմբերի 9-ից հետո մեր հիմնական խնդիրը ՀՀ և ԱՀ շուրջ որոշակի կայունություն ապահովելն ու արձագանքելն է ստեղծված որոշակի իրավիճակներին: Դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է, Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից: Նման դրոշմանիշ եղել է ֆաշիստական Գերմանիայում, և այդ փաստն ինքնին շատ խոսուն է: Ոչ միայն Կառավարությունը, այլև խորհրդարանական դիվանագիտությունն անելիք ունեն. պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ միջազգային գործընկերներին»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ թեմայի մասին զրուցել են նաև հունվարի սկզբին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։
«Ասել եմ և հիմա էլ կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում այդ տրամաբանության որոշակի զարգացում է եղել Ադրբեջանում, որին, բնականաբար, Հայաստանում հնչել են որոշակի արձագանքներ»,- նշեց Կառավարության ղեկավարը։