Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին՝ Առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: «Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն, այսինքն՝ նպատակը եղել է մարդկանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և շրջանակի ընդլայնումը, և մենք այդտեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով: «Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ՝ ասելով, որ, ահա, տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք:
Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է, և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել է Կառավարության ղեկավարը: Վարչապետի համոզմամբ՝ Կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորանավիրուսի համավարակին, և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործադիրն այն կկարողանա պահպանել:
«Իհարկե, հաջորդ շատ ավելի դաժան փորձությունը պատերազմն էր և շարունակում է այդպես լինել: Մենք հիմա նաև, ցավոք, մարմինների նույնականացման խնդիր ունենք, ինչ-որ առումով այդտեղ էլ որոշակի բարդություններ ունեինք, բայց հիմա կրկին կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդ աշխատանքը նույնպես շատ ընդունելի տեմպեր է ստացել»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն՝ եղել է թիմի անդամ: «Ոչ միայն նա, այլ նաև նախարարի մյուս տեղակալները, որոնք տարբեր ժամանակներում են նշանակվել, ըստ էության, գործել են որպես մի թիմ: Տեղի ունեցող փոփոխությունը հետևյալ իմաստն ունի, որ մենք շարունակում ենք վստահել այդ թիմին, ու տվյալ դեպքում տիկին Ավանեսյանը կգլխավորի այն: Ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ՝ տիկին Ավանեսյան, այս աշխատանքները շարունակելու գործում: Հույս ունենք, որ Առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»,- ասել է վարչապետը:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ 2018 թվականի մայիսին առողջապահության նախարարի և ընդհանուր ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար: «Ինչպես Դուք նշեցիք՝ մենք բավականին տարբեր ուղղություններով՝ և՛ բովանդակային, և՛ շրջանակային, փոփոխություններ ենք փորձել իրականացնել: Այդ իմաստով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և ընդհանրապես Կառավարությանը՝ մեր առաջարկները մեծ մասամբ ընդունելու համար: Մարդակենտրոն մոտեցումները, որոնք հիմնականում ծնվում էին կա՛մ այս սրահում, կա՛մ աշխատակազմում, իրականություն էին դառնում, ու մեր բնակչությունը դրանից օգտվում էր՝ ստանալով բարձրորակ, ավելի որակյալ բուժօգնություն՝ ավելի լայն շրջանակներով: Նրանք հազարավոր մեր քաղաքացիներն են՝ սկսած երեխաներից, վերջացրած ամենատարեցներով, ու ես վստահ եմ, որ այս աշխատակազմը, այս թիմը նոր նախարարի գլխավորությամբ նույն տրամաբանությամբ և գուցե ավելի լավ, ինչում ուրախ կլինեմ, կշարունակի այդ ճանապարհը»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով 2020-ի դժվարություններին՝ նախկին նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՆ աշխատակազմին և նշել, որ նա հաճախ ամիսների ընթացքում գիշերել է աշխատավայրում:
«Դրա շնորհիվ է, որ այո, սկզբում շատ քննադատվելով, բայց, այնուամենայնիվ, ունենք կառավարելի վիճակ: Եվ եթե հիշում եք, այն տերմինը, որ մենք օգտագործում էինք՝ ապրել կորոնավիրուսի հետ, փաստացի իրականություն է դարձել: Այո, մենք ունենք տնտեսական սահմանափակումներ, վերջում էլ շատ բաներ մեղմեցինք: Պատվաստանյութի մասով էլ արդեն կան պայմանավորվածություններ, և շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչև մի քանի հարյուր հազար»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արսեն Թորոսյանին՝ 2018-ին գերատեսչության թիմում իրեն ընդգրկելու և միասին այս ճանապարհն անցնելու համար:
«Վերջին 2.5 տարիները եղել են սկզբից ակտիվ ռեֆորմների, այնուհետև՝ լուրջ մարտահրավերների տարիներ, որոնք և՛ մեր թիմը, և՛ ողջ առողջապահական համակարգը, կարելի է ասել, կոփել է, դարձրել ավելի կուռ, միասնական, նվիրված գործին: Մենք ականատես ենք եղել՝ թե՛ կորոնավիրուսով պայմանավորված և թե՛ պատերազմի ընթացքում ինչպես էր ողջ առողջապահական համակարգը միասնական ուժերով երկու ճակատով պայքարում մեր քաղաքացիների առողջության համար: Պարոն վարչապետ, վստահեցնում ենք, որ պետք է աշխատենք նույն տեմպով՝ շարունակելով ոլորտի զարգացումը, որպեսզի մեր քաղաքացիներին ավելի որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովենք»,- նշել է նախարարը:
Ամփոփելով՝ վարչապետը հավելել է.
«Իհարկե, ճիշտ նշվեց, բայց, մյուս կողմից, չեմ ուզում հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե մենք առողջապահական համակարգի գործունեությունը համարում ենք անթերի, իհարկե, շատ խնդիրներ կան, որոնք լուծված չեն և պետք է լուծվեն: Մեր առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է մեր պատկերացրածից ու երազածից, և, իհարկե, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները, մենք ցավոտ պրոբլեմ ունեինք՝ կապված մարմինների նույնականացման հետ, ԴՆԹ անալիզների հետ, բայց հիմա ինչպեսև նախարարը նշել էր, խոստացված ժամկետում երկրորդ սարքը ներմուծվեց և սկսեց աշխատել: Այդ առումով նույնպես հիմա կառավարելիության բոլորովին նոր մակարդակ ունենք:
Տիկին Ավանեսյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ և ներկաներին: Հույս ունեմ, որ այն բարեփոխումների տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա»: