Սոցիալական հարցերի նախարարությունն արդեն սկսել է դիմումներ ընդունել աշխատանք փնտրող արցախցիներից: Առայժմ կարող են դիմել երկու ծրագրով՝ աշխատանքի փորձաշրջանի ընթացքում ստանալով 100 հազար դրամ, օրավարձով աշխատանքի դեպքում՝ 8 հազար դրամ: Աշխատանք գտնելու համար արդեն դիմել է 663 արցախցի, կառավարությունը կարող է ապահովել 2000 մարդու զբաղվածություն:
Տիկին Ալիսան է. Քաշաթաղի տնից դուրս գալուց հետո կյանքը գլխիվայր շրջվել է՝ ասում է: Չնայած Այգեկ իրենց գյուղը մնացել է թշնամու վերահսկողության գոտում՝ 300 հազար դրամն էլ դեռ չեն ստացել: Ապրում է ներառական խնդիրներ ունեցող տղայի հետ՝ ամուսնու մահից հետո նշանակված նպաստով:
Ալիսա Հովսեփյան - 47 հազար դրամ եմ ստանում: Այդ գումարով չգիտեմ տան փողը տամ, թե սնունդ առնեմ երեխային:
Տղաներից միջնեկը բանակում է, մյուսը՝ ճարած ավտոլվացողի գործով հազիվ առանձին իր ընտանիքն է պահում: Որպեսզի գոնե ուտելիքի վրա փող չծախսեն, միացել են Աբովյանի գիշերօթիկում ապաստանած արցախցիներին: Բայց այդ հնարավորությունն էլ է ժամանակավոր, այնպես որ Երևանում օրը 2000 դրամով վարձակալած կացարանի մոտակայքում խանութ, գրասենյակ, ամենուր աշխատանք է փնտրում, ինչ կառաջարկեն՝ հավաքարար, աման լվացող:
Ալիսա Հովսեփյան - Որտեղ էլ լինի՝ ռեստորան կամ այլ տեղ, կաշխատեմ:
Աշխատանք փնտրող արցախցիներին սոցապնախարարությունը երկու ծրագիր է առաջարկում: Առաջինը՝ գործատուի մոտ փորձի ուսուցում. տևողությունը երեք ամիս է, ամիսը 100 հազար դրամ վարձատրություն՝ մաքուր, առանց հարկերի: Պետությունը վճարելու է նաև այն ընկերություններին, որոնք կընդունեն նրանց: Որտե՞ղ և ի՞նչ գործ կկարողանան անել արցախցիները՝ ներկայացնում է փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Ռուբեն Սարգսյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ - Դա ռեստորանային բիզնեսն է, սպասարկումը, հյուրանոցները: Եթե գործատուներ կան, որ ցանկանում են արցախցիներն իրենց մոտ աշխատանքի անցնեն, կարող են դիմել զբաղվածության կենտրոնին կամ նախարարություն:
Ծրագրին կարող են դիմել առայժմ միայն այն արցախցիները, ում տուն-տեղը մնացել է Ադրբեջանին: Դիմել կարելի է 3 տարբերակով. այցելելով զբաղվածության տարածքային գործակալություն, ինտերնետ-նամակ ուղարկելով՝ e-reguest.am-ին կամ www.employment.am կայքի օգնությամբ: Պետք է լրացնել անուն-ազգանուն, մի քանի տվյալ և թե ո՞ր ծրագրին եք ցանկանում մասնակցել: Աշխատանքի երկրորդ ծրագիրը, հարկերը ներառյալ, օրը 8000 դրամ վարձավճարով հասարակական աշխատանք է՝ դպրոց-մանկապարտեզի նորոգումից մինչև մայթերի ձյան մաքրում, ինչ կառաջարկեն համայնքապետարանները:
Ռուբեն Սարգսյան - Այս պահին դիմել ենք բոլոր մարզպետարաններին, որ ներկայացնեն իրենց մոտ իրականացվող ծրագրերի ցանկը: Վայոց Ձորում, օրինակ, 16 ծրագրի մասին է: Դա բարեկարգման, ձյունմաքրման աշխատանքն է՝ մասնագիտական հմտություն չկա:
Ըստ սոցապ փոխնախարարի, միայն առցանց հայտով աշխատանքի համար արդեն դիմել է 663 արցախցի: Իրենց նախնական հաշվարկով՝ երկու ծրագիրը միասին կարող է ապահովել 2000 մարդու զբաղվածություն: Եթե պարզվի դիմումները շատ են, ստիպված կլինեն շահառուներին ընտրել ըստ առաջնահերթության:
Ռուբեն Սարգսյան - Եթե 5 հոգի եղավ մի տեղի համար, աչդեն կնայենք՝ արդյո՞ք ընտանիքում ունեն զոհված, 2 երեխա, հաշմանդամություն ունեցող:
Ծրագրի երկրորդ փուլում՝ մյուս շաբաթվանից, աշխատանքի համար կկարողանան դիմել նաև պատերազմից հետո Արցախում վնասված տունը թողած ու Հայաստան տեղափոխված մարդիկ: