Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները կալանավորված են: Նրանց չեն արտահանձնել: Ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ծանր հանցանքի համար:
Արշակ Մարտիրոսյան (ՀՀ զինդատախազության զինծառայության դեմ ուղղված ՀԿԳ գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ) - Ո՛չ, չեն վերադարձվել, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը, նրանք գտնվում են ՀՀ-ում, և հետագայում արդեն մեղադրական եզրակացությամբ քրգործը կուղարկվի դատարան՝ վերջիններիս մեղավորության, պատասխանատվության հարցը լուծելու համար:
Միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մուհամմադ Ալ Ջասիմի և ևս 3 վարձկան ահաբեկչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ձեռք բերված տվյալներով՝ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին է նպատակադրվել Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսել, Թուրքիայի հետ համաձայնություն է ձեռք բերել, ներգրավել վարձկանների:
Արշակ Մարտիրոսյան - Հետագայում այդ խմբավորումների կողմից մոտ 2000-ից ավելի վարձկաններ տեղափոխվել են Ադրբեջան և ներգրավվել ընթացող ռազմական գործողություններին:
Քրեական գործը նախաքննության փուլում է: Զինդատախազության ուշադրության կենտրոնում նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց խնդիրն է, Բաքվի պատերազմական հանցագործությունները՝ գերիների հանդեպ խոշտանգման, նվաստացման դեպքերը:
Արշակ Մարտիրոսյան - Նրանք պետք է գտնվեն միջազգային կոնվենցիոնալ պաշտպանության ներքո, և այդ նորմերով երաշխավորված է, որ պետք է ապահովվի նրանց իրավունքների ապահովումը: Հրապարակումներում երևում է, որ նրանք խոշտանգվում են, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում է, որը միջազգային օրենսդրությամբ արգելված է:
Դատախազ Մարտիրոսյանը Արցախի դեմ պատերազմ սկսելու ու վարելու դեպքերով քրգործերի նկատմամբ դատավարական ղեկավարման դատախազական խմբի անդամ է: Դատախազությունը քրեական գործ է հարուցել հուլիսին Տավուշում Բաքվի ռազմական ագրեսիայի դեպքով:
Բաքուն հանցավոր մտադրությունը շարունակեց սեպտեմբերին՝ Արցախի դեմ սանձազերծելով լայնածավալ պատերազմ, ոտնձգելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Նպատակաուղղված գրոհների թիրախ դարձան նաև խաղաղ բնակիչները: Հարուցված քրեական գործերով քննությունը շարունակվում է: