Անկախ լրագրող Լինդսի Սնելը կրկին անդրադարձել է արցախյան պատերազմին Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավվածությանը: Twitter-ի իր միկրոբլոգում Սնելը, մասնավորապես, մեջբերել է Ադրբեջան տեղափոխված Համզա դիվիզիայի վարձկաններից մեկի խոսքը:
Վարձկանը պատմել է, որ Թուրքիան ստել է իրենց Ադրբեջան ուղարկելու նպատակի մասին: Նրա հավաստմամբ՝ իրենց հետ թուրք զինվորականներ չեն եղել: Վարձկաններն ավելի շատ վախեցել են իրենց շատ վատ վերաբերվող ադրբեջանցի զինվորականներից, քան հայ զինվորականներից:
Լինդսի Սնելն իր էջում նաև տեսագրություն է հրապարակել, որում վարձկանը պատմում է եղելության մասին:
«Երբ Ադրբեջան հասանք, մեզ ասացին, որ հայերն անհավատ են, և պետք է պաշտպանենք ադրբեջանցիներին: Սակայն մենք չհամաձայնեցինք: Նրանք ասացին, որ Իսլամի թշնամիները՝ հայերը, գրավել են Ղարաբաղը, և մենք պետք է պաշտպանենք մուսուլմաններին Ղարաբաղում: Թուրքերը մեզ հետ չէին, նրանք միայն քաջալերող խոսքեր էին ասում, իսկ մեզ հետ միայն ադրբեջանցիներ էին, որոնք շատ վատ էին վերաբերվում մեզ հետ: Երբ մեզ մարտադաշտ տարան, մենք ավելի շատ վախենում էինք ադրբեջանցիներից, քան հայ զինվորականներից, որովհետև ես տեսել եմ, թե ինչպես են Ղարաբաղում մարդիկ սպանվել՝ ոչ մեկ անգամ: Ես տեսել եմ, թե ինչպես են սիրիացիներ սպանվել: